20/11/2018 17:20
Մանե Թանդիլյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել, կասկածյալներ դեռ չկան
Սոցիալական ապահովության պետական ծառայությունում կատարված ուսումնասիրության արդյունքներով գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ։
Այդ մասին հանգամանալից Թանդիլյանը ներկայացրել էր օրերս իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ։ Նա մասնավորապես գրել էր.
«Ամենամեծ բացահայտումը վերաբերվում է Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարներին տրամադրված ընդհանոր առմամբ 55 մլն դրամ պարգևատրումներին, որոնք տրամադրվել են օրենսդրության պահանջների խախտումով:
Հատկանշական է, որ ի տարբերություն այլ, ավելի փոքր խախտումների, այս խախտման մասով Ֆինանսների նախարարության կողմից չկա բյուջե վերականգնման առաջարկ կամ պահանջ:
Այս «վրիպակը» քննարկեցի նաև Ֆինանսների նախարարության ղեկավարության հետ, որոնք փաստացի համաձայնեցին «անհետևանք» պարգևատրումների հետ և առաջարկեցին փաստը ընդունել ի գիտություն:
Նշվածի հիման վրա գրություն եմ ներկայացրել Գլխավոր դատախազին և արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիակալան հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար»:
Թանդիլյանն այս գրառումը կատարել է նոյեմբերի 14-ին, նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու օրը։
Aysor.am-ը փորձեց հասկանալ՝ ի՞նչ ընթացք է ստացել այս հաղորդումը։ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացրին, որ այս քրեական գործը գլխավոր դատախազությունից ստացել են 15 օր առաջ և կատարվում է նախաքննություն։
Հարցին, թե այս քրեական գործի շրջանակներում կան արդոք մեղադրյալներ կամ կասկածյալներ, ՔԿ լրատվականից փոխանցեցին, որ քրեական գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։
Նկատենք, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի պաշտոնը մինչև ապրիլյան իշխանափոխությունը զբաղեցրել էր Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը և չի բացառվում, որ քրեական գործի թիրախում հայտնվի հենց Սահակյանը։