21/11/2018 17:19
Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց. պաշտպանը գրավոր դիմում էր ներկայացրել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը գրավոր դիմում էր ներկայացրել, տեղեկացնելով, որ գտնվում է Արագածոտնի մարզում և չնախատեսված խնդիրների պատճառով չի կարող ներկա գտնվել դատական նիստին։ Երեմ Սարգսյանը խնդրել է հետաձգել դատական նիստը։
Նիստին ներկա էր նաև գործով տուժող Դավիթ Սիմոնյանը։
Դատավորի հարցին, թե ինչ պատճառով չէր ներկայանում դատական նիստերին, տուժողը պատասխանեց.
«Հիվանդության պատճառով։ Խնդիրներ ունեի»։
Դատական նիստը հետաձգվեց։
Հայկ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականի ապրիլի 1-ին քաղաքացի Դավիթ Սիմոնյանին հրազենային վնասվածք հասցնելու համար։