21/11/2018 10:04
Ժողովուրդն է Ձեզ վստահության քվե տալու, նրանց էլ հարցրեք, թե ի՞նչ անեք ԼԳԲՏ ներկայացուցիչների հետ. Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Դիմելով ԼԳԲՏ-ների քարոզի դեմ հանդես եկող քաղաքական ու հասարակական ուժերին՝ վարչապետի պաշտոնակատարը ամենայն հավանականությամբ ենթադրում է, որ դժվա՛ր թե լուծումներ գտնվեն, հետևաբար իշխանությունը ստիպված է լինելու աստիճանաբար հաշվի նստել ու «մարդամեջ» բերել այդ երևույթը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը։
«Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, խոսելով ԼԳԲՏ թեմայից, ասում է, որ «…չե՛ն պատասխանում մի հարցի, որ եթե ՀՀ որևէ քաղաքացի հայտարարի, որ ինքը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, ի՞նչ պետք է անեն իրեն (այդ քաղաքացուն), ասե՛ք: Սպանե՞ն, քառատե՞ն»:
Հարցն, իհարկե, սպանելը կամ քառատելը չէ, հարցը ավելի խորն է: Դիմելով ԼԳԲՏ-ների քարոզի դեմ հանդես եկող քաղաքական ու հասարակական ուժերին՝ վարչապետի պաշտոնակատարը ամենայն հավանականությամբ ենթադրում է, որ դժվա՛ր թե լուծումներ գտնվեն, հետևաբար իշխանությունը ստիպված է լինելու աստիճանաբար հաշվի նստել ու «մարդամեջ» բերել այդ երևույթը:
Պարո՛ն Փաշինյան, տվյալ դեպքում ուզում եմ ավելի անմիջական դիմել, որպես նախկին գործընկերոջ. հարգելի՛ Նիկոլ, ասեմ ինչ անեք. Ձեր առաջիկա բոլոր նախընտրական հանդիպումների ժամանակ ուղիղ հարցրեք ձեզ աջակցելու եկած ժողովրդին: Այո՛, հենց նրա՛նց. ժողովուրդն է Ձեզ վստահության քվե տալու, հետևաբար հենց մեր քաղաքացիներին էլ հարցրեք, թե ի՞նչ անեք այն մարդկանց հետ, ովքեր հայտարարում են, որ իրենք ԼԳԲՏ ներկայացուցիչներ են: Վստահ եղեք, մարդիկ ձեզ տալու են շատ կոնկրետ պատասխան: Եվ ինչ ասեն այնպես էլ արեք, հավատացեք, այդ հարցում ժողովուրդն ամենաիմաստունն է:
P.S.
Եթե ասեք այդպես չի լինի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ բարդ դետալներով և հազար ու մի նրբություններով Արցախյան հիմնախնդիրը, որն ամենակենսական հարցն է Հայաստանի քաղաքական էլիտայի համար, ըստ Ձեզ՝ հանրահավաքներում քննարկել կլինի (ինչպես ասել եք օգոստոսի 17-ի հանրահավաքում) իսկ այդ պարզ հարցը չի լինի», - նշել է Արտակ Զաքարյանը։