22/11/2018 10:11
«Ժողովուրդ». Բազմաբնակարան շենքերի աղտոտվածությունը հավերժական խնդիր է երևանցիների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանցիների համար հավերժական խնդիր է դարձել բազմաբնակարան շենքերի աղտոտվածությունը, որ հաճախ հետևանք է այդ շենքերում աղբատար խողովակների անմխիթար վիճակի: Պարզվում է` կա «Դավարս» ՍՊԸ, որը պարբերաբար իրականացնում է աղբամուղների բացման, նաև ախտահանման աշխատանքներ: Նրանք Երևանի քաղաքապետարանի հետ ժամանակին պայմանագիր են կնքել:
«Ժողովուրդ» օրաթերթին այս ՍՊԸ պատասխանատուները փոխանցել են` քլորով ախտահանման աշխատանքներ իրականացնում են յուրաքանչյուր տարվա հոկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում երկու ամիսը մեկ անգամ, իսկ ահա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում` բազմաբնակարան շենքերի մուտքերը, աղբամուղները, դրանց դռնակները:
Սակայն բնակիչների մեծ մասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում է` երբևէ չեն տեսել ախտահանման աշխատանքները. աղբախցերը տարիներ շարունակ չեն մաքրվում, չեն լվացվում, ախտահանման մասին ավելորդ է խոսել: Աղբախցի մաքրման աշխատանքները պետք է իրականացնի «Սանիտեք» ընկերությունը, որը այս հարցում ևս պարապուրդի է մատնված»: