22/11/2018 12:58
Իմիջիայլոց, ինչքան խելքը գլխին կադր ունի, մեր իշխանությունից են եկել. Շարմազանովը՝ Փաշինյանի կառավարության մասին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, թե կգտնվի երկիր, որտեղ կոռուպցիա կամ կոռուպցիոն երևույթներ ընդհանրապես չեն լինի։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ եթե երկրում կա կոռուպցիա, ապա հարկային մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը, զինված ուժերը, ոստիկանությունը և շատ պատկան մարմիններ «անպայման պետք է թաթախված լինեն կոռուպցիայի մեջ»։
«Եկան իշխանության ու հայտարարեցին, թե համատարած կոռուպցիա կա։ Հիմա վարչապետը նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետին, հարկայինի երկար տարիների պետին նշանակել է նախարարի շատ բարձր պաշտոնի, եթե նշանակել է ուրեմն այդ մարդը մաքուր է։ Եթե մարդը մաքուր է, ուրեմն այդ համակարգում կոռուպցիա չի եղել։ Բացի այդ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալին նշանակել է նախարար. Եթե նման նշանակում է արել, ուրեմն դա նշանակում է, որ բանակում չի եղել համատարած կոռուպցիա։
ԱԱԾ պետ նշանակել է Արթուր Վանեցյանին, շատ էլ լավ ա արել, բայց Վանեցյանը 2-րդական մարդ չի եղել, այլ եղել է ԱԱԾ Երևանի վարչության պետի տեղակալը։ Հունան Պողոսսյանին, եթե նշանակում ես մարզպետ, ուրեմն ընդունում ես, որ ոստիկանությունում թալան, կոռուպցիա չի եղել այդպես շարունակ։ Ուրեմն, ախպեր ջան... Իմիջիայլոց, ինչքան խելքը գլխին կադր ունի, մեր իշխանությունից են եկել», - այսօր ճեպազրույցում հայտարարեց Շարմազանովը։