24/11/2018 13:00
Նախագահի «Երևան, իմ սեր» հիմնադրամը դասընթացների շարք է սկսում զինծառայության ընթացքում հաշմանադամություն ստացած տղաների համար (Տեսանյութ)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «Երևան, իմ սեր» հիմնադրամն այս տարվա դեկտեմբերից երկու նոր ծրագիր է սկսելու։ Դրանցից մեկի շահառուները զինծառայության ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած տղաներն են։
Հիմնադրամն առաջնորդվում է սկզբունքով, որ զինհաշմանդամ տղաները ֆիզիկական առողջության վերականգնմանը զուգահեռ պետք է վերաինտեգրվեն հասարակություն՝ ստանան որոշակի հմտություններ, որոնցով հետագայում կկարողանան աշխատանք գտնել։
«Երևան, իմ սեր» հիմնադարամի տնօրեն Արշակ Կարապետյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ զինծառայության ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած տղաների համար առաջին ծրագիրը լինելու է դասընթացների տեսքով՝ ֆոտո և տեսանկարահանման ոլորտում։
«Այժմ մեր մասնագետներն աշխատում են տղաների հետ, կատարում ենք կարիքի ու կարողությունների գնահատում, որից հետո ընտրված տղաների խումբը կմասնակցի դասընթացներին», - ասաց Արշակ Կարապետյանը։
Դասընթացները վարելու են ՀՀ նախագահի աշխատակազմի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանն ու օպերատոր Վարդան Պետրոսյանը։
Արշակ Կարապետյանի խոսքով՝ իրենք ցանկանում են արդյունավետ աշխատանք կատարել, որպեսզի կոնկրետ այս դասընթացին մասնակցեն տղաներն, ում սա, իսկապես, հետաքրքիր է, ովքեր ունեն հմտություններ այս ուղղությամբ ու հետագայում կկարողանան աշխատանք գտնել։
Առաջին դասընթացի ավարտից հետո կլինեն նաև այլ ոլորտի հետ կապված ուսուցման ծրագրեր մյուս զինհաշմանդամների համար, օրինակ, միջին մասնագիտական կրթության և այլն։
«Ինչ վերաբերում է հետագայում աշխատանքի տեղավորմանը, մեր կողմից կան նախնական քննարկումներ պոտենցիալ, շահագրգիռ շահառուների հետ, որոնք կարող են հետագայում նրանց ապահովել աշխատանքով։ Ամեն ինչ կախված կլինի դասընթացների արդյունքներից», - ասաց Արշակ Կարապետյանը։
Հիմնադրամի այս և մյուս ծրագրերի մասին առավել մանրամասն՝ Aysor.am-ի տեսանյութում։