03/12/2018 13:51
Հանրապետության հրապարակում 35 մետրանոց տոնածառ կտեղադրվի. աշխատանքներն իրականացնում է ռուսական ընկերությունը (Տեսանյութ, լուսանկարներ)
Այս տարի Հանրապետության հրապարակում նոր տոնածառ կտեղադրվի: Տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են: Այն իրականացվում է ռուսական «Green Trees» ընկերության կողմից:
Ի տարբերություն նախորդ տոնածառի՝ նորը արհեստական ճյուղերով է:
Ընկերության ներկայացուցիչ Վալերիյ Ռոլդուգինը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տոնածառը եկել է Մերձմոսկվայի Կոլոմնա քաղաքից:
«Տոնածառի բարձրությունը 35 մետր է: Տոնածառի վրա մեծ լուսավորություն կլինի: Լուսատու շղթաների երկարությունը 220 կմ է: Նոր խաղալիքներ ևս բերվել են: Դրանք թվով 1550 են», - ասաց նա:
Կազմակերպության ներկայացուցիչն ընդգծեց, որ Ամանորին Մոսկվան 80 տոկոսով զարդարված է լինում կազմակերպության նմանատիպ տոնածառներով:
Տոնածառի տեղադրման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 20-ին:
Ընկերության կազմակերպիչներից տեղեկացանք նաև, որ նախորդ տարի ընկերության տոնածառներից տեղադրվել էր նաև Ազատության հրապարակում ՝ 20-22 մետր բարձրությամբ:
Տոնածառի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն է տարածել նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են նախորդ հանգստյան օրերին:
«2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում», - գրել է նա:
Հակոբ Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ տոնածառի արժեքը մոտ 71 մլն դրամ է։