06/12/2018 17:47
Բանավեճի ընթացքում երևաց, որ թեկնածուների հետ համապատասխան մասնագետներ և հոգեբաններ չեն աշխատել. Քաղտեխնոլոգ
Հանրային հեռուստատեսությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին համարների բանավեճը, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, կարևոր միջոցառում էր։
«Կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության անկախության այս ժամանակահատվածի վերջին 30 տարվա ընթացքում սա առաջին նման միջոցառումն էր։ Ցանկալի կլինի, որ այսուհետ ևս նման բանավեճեր տեղի ունենան», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը։
Ինչ վերաբերում է բանավեճի բովանդակությանը, ապա քաղտեխնոլոգը կարծում է, թե այն ցույց տվեց, որ կուսակցությունների ցուցակները գլխավորող անձանցից շատերը չէին պատրաստվել հավուր պատշաճի՝ մասնագիտական տեսակետից։
«Մենք լսում էինք քննադատություններ, որոնք տեղին չէին։ Սա ցույց տվեց, որ թեկնածուները շատ դեպքերում չգիտեն նաև, թե ինչպես պետք է քննադատել։ Քննադատությունը ևս տեխնոլոգիա է, որին պետք է տիրապետել։ Տեսնում էինք, որ որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ մյուսներին քննադատում էին, սակայն մասնագիտական տեսակետից այդ քննադատությունը տեղին չէր և արդյունավետ չէր։ Սա ցույց է տալիս, որ ցուցակի ղեկավարները, բնականաբար, պետք է ընտրական արշավներ անցկացնելու վերաբերյալ իրենց գիտելիքները խորացնեն», - ասաց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ որոշ թեկնածուներ ուղղակի չեն պատկերացնում, թե իրենք ինչ են անում, որն է իրենց գործառույթը, և որն է իրենց նպատակը։ Շատ դեպքերում, ըստ Բադալյանի, տեսնում ենք քննադատություն, բայց չենք տեսնում հստակ հայեցակարգերի ներկայացում, այլ ընդամենը՝ տրաֆարետային բովանդակությամբ ներկայացում.
«Ցանկալի կլինի, որ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարվի և մասնավորապես, ընտրություններին թույլ տան մասնակցել քվեարկությունից առնվազն վեց ամիս առաջ ստեղծված կուսակցություններին։ Իսկ բանավեճում «Հանրապետական» կուսակցությունը, ինչպես միշտ, փորձեց սև ու սպիտակի իր ռազմավարությունը կիրառել։ Ինչպես տեսնում ենք, իրենք թիրախ էին ընտրել միայն վարչապետին։ Միաժամանակ տեսանք, որ մյուս թեկնածուները չէին կարողանում այդ փոխհրաձգությանը հակազդել և ուշադրությունը սևեռել իրենց վրա»։
Քաղտեխնոլոգն ասաց նաև, թե որոշ կուսակցություններ չդրսևորեցին այդ լավ հնարավորությունը իրենց ներկայացնելու և ընտրողներին ավելի հստակ ցույց տալու, թե ինչու պետք է իրենց ընտրեն։
«Մի շարք դեպքերում այդ կուսակցությունների ներկայացուցիչները հասկացնում են, որ մյուս ուժին չի կարելի ընտրել, իսկ թե ինչու պետք է իրենց ընտրել, այդքան էլ հաջող չէր ստացվում»։
Մյուսներին «սևացնելու» երևույթը, Արմեն Բադալյանի խոսքով, նկատելի էր ամբողջ քարոզարշավի ընթացքում.
«Ամբողջ քարոզարշավի համառոտ շարադրանքն այդ հեռուստաբանավեճի ընթացքում էր տեղի ունենում, երբ շատ քաղաքական ուժեր, դաշինքներ չկարողանալով ներկայացնել գրավիչ քաղաքական բովանդակություն, փաստորեն լրատվամիջոցների ուշադրությունից դուրս էին հայտնվում»։
Բանավեճի ընթացքում, ըստ Բադալյանի, երևաց նաև, որ թեկնածուների հետ համապատասխան մասնագետներ և հոգեբաններ չեն աշխատել. «Որովհետև շատ դեպքերում իրենց պահել չէին կարողանում»։
Ինչ վերաբերում է ամբողջ քարոզարշավի ընթացքին, Արմեն Բադալյանն ասաց, թե կարող ենք ասել, որ սա միջակ քարոզարշավ էր։
«Մտքի պայքար հիմնականում չտեսանք։ Տեսնում ենք, որ շատ կուսակցություններ վարում են այնպես, ինչպես 5 կամ 10 տարի առաջ, այսինքն՝ կարծես, ոչինչ չի փոխվել։ Այստեղ է ամենակոպիտ սխալը։ Տեխնոլոգիական տեսակետից էլ աղքատիկ էր քարոզարշավը, որովհետև ընդամենը թռուցիկներ էին բաժանում, պաստառներ փակցնում», - հավելեց նա։