11/12/2018 11:37
ՀՊՏՀ-ում պարգևատրել են լավագույններին (Տեսանյութ, լուսանկարներ)
Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին ՀՊՏՀ հանդիսասրահում կայացել է «ՀՊՏՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 2018» մրցանակաբաշխությունը:
Պարգևատրվել են 5 անվանակարգերում հաղթող ճանաչված ուսանողները՝ «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող», «Լավագույն ուսանող մարզիկ», «Հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» և «ՀՊՏՀ լավագույն ուսանող»:
Մրցանակաբաշխությանը ներկա են եղել հատուկ հյուրեր. ծանրամարտի աշխարհի առաջնության նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, «Լոռե թրավել» ընկերության հիմնադիր-տնօրեն Վլադիմիր Գևորգյանը, սիրված երգիչ Գոռ Սուջյանը:
Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո կայացել է Գոռ Սուջյանի կենդանի կատարումներով համերգային ծրագիրը, որը ներկաների կողմից ընդունվել է մեծ ոգևորությամբ ու ծափողջույններով:
«ՀՊՏՀ լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Կարապետյանը, ով միջոցառման ընթացքին հետևել և իր ողջույնի խոսքն է ուղղել տեսահեռարձակումով, քանի որ այս պահին գտնվում է Վիեննայում՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովին: Հաղթողի մրցանակը ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանից ընդունել է Նարեկի մայրը:
Բոլոր անվանակարգերի հաղթողները Ուսանողական խորհրդի կողմից պարգևատրվել են խորհրդանշական գավաթներով և պատվոգրերով, ձեռքի ժամացույցներով, համալսարանի ղեկավարության կողմից՝ դրամական պարգևով, և «Լոռե թրավել» ընկերության կողմից՝ ձմեռային եռօրյա հանգստի ուղեգրերով։