12/12/2018 12:33
Նոր խորհրդարանի մեղադրյալ պատգամավորը
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը, որը թիվ 10 (Կոտայքի մարզ) ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր, շարունակում է մնալ մեղադրյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, Aysor.am-ին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, քրեական գործը շարունակում է քննվել, կատարվում են քննչական գործողություններ, մեղադրյալների թիվը չի ավելացել։ Ավելին, նշում են նաև, որ առաջադրված մեղադրանքի վերաորակում կամ լրացումներ չեն կատարվել։
Նկատենք, որ Էդուարդ Բաբայանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների մեջ խոշոր ցուցանիշներ էր գրանցել. Թիվ 10 ընտրատարածքում նա ստացել էր 7 472 ձայն, իսկ նրա գործընկեր Դավիթ Մանուկյանը՝ 4 560:
Հիշեցնենք՝ Էդուարդ Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը»:
Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին։ Տուժածը, ում ծեծի ենթարկելու համար էլ մեղադրվում է Բաբայանը, 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովն է եղել։ Նրան անմիջապես տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով»։
Էդուարդ Բաբայանը հուլիսի 2-ին ձերբակալվել էր, այնուհետև՝ կալանավորվել, սակայն որոշ ժամանակ անց այլ խափանման միջոցի կիրառմամբ, ազատ արձակվեց։