17/12/2018 12:02
Մինչ այժմ ՀՀ ԱԱԾ-ն Ադրբեջանի 21 գաղտնի գործակալ է հայտնաբերել, բայց դրանց թիվն ավելի շատ կարող է լինել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Հայաստանի քաղաքացիների հետ աշխատում են երրորդ երկրների տարածքներից՝ Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, ազգային անվտանգության ծառայության կազմակերպած սեմինարի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ, մայոր Տիգրան Դավիթավյանը։
«Դա ընդունված պրակտիկա է», - նկատեց ԱԱԾ պաշտոնյան։
Մինչ օրս ԱԱԾ մարմինների կողմից 2 տասնյակից ավելի գործակալ է բացահայտվել ու դատապարտվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Նրա խոսքով՝ այդ գործակալները գործել են հենց երրորդ երկրների տարածքներում։ Գործակալները հավաքագրումներ իրականցնում են նաև սոցիալական ցանցերի միջոցով։
Լրագրողները հիշեցրին Վահան Մարտիրոսյանի գործի մասին, որը Հայաստանի սահմանն անցնելով, Վրաստանի միջոցով գնացել էր Արդբեջան, ԱԱԾ ներկայացուցիչն ասաց, որ նա այժմ, ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայում է։
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է Վահան Մարտիրոսյանը Հայաստանի ԱԱԾ-ի հետ էր աշխատում, Դավիթավյանը արձագանքեց. «Բնականաբար, չեմ կարող պատասխանել այդ հարցին»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի գաղտնի գործակալներին, նրա ներկայացրած տվյալների համաձայն, 1991 թվականից մինչ օրս հայտնաբերվել է Ադրբեջանի 21 գաղտնի գործակալ։
Հարցին, թե արդյոք նրանց թիվը կարող է ավելին լինել, քան հայտնաբերվածներն են, միջոցառմանը ներկա ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը պատասխանեց. «Մենք այն կանխավարկածով ենք աշխատում, որ ավելի շատ են։ Դա մեր աշխատանքն է»։
Քինակցյանը ներկայացրեց, որ սոցիալական ցանցերի միջոցով հավաքագրումներ շատ են պատահում. «Եթե համացանցով ծանոթանում, ամուսնանում են, կարող են նաև հավաքագրել»։
Տիգրան Դավիթավյանը նշեց, որ հաճախ սոցցանցերում ադրբեջանցի գործակալները մշտական կապ են հաստատում հատկապես զինծառայողների հետ, սկսում զրույց հիմնականում նման հարցերի շուրջ. «Բարև ախպերս, դու x զորամասում ես ծառայում, ես երկու տարի առաջ եմ ծառայել, մեր ժամանակ հրամանատարը y-ն էր, բա հիմա ո՞վ է։ Մենք այդ դիրքերում չէինք կանգնում, դուք հիմա կանգնու՞մ եք…»:
Այնուհետև տեղեկություններ ստանալով՝ փորձում են շանտաժ անել ու ասել, թե եթե չհամաձայնի իրենց հետ աշխատել, ապա իր ղեկավարությանը կհայտնեն, որ նա նման տեղեկություններ է հայտնել իրենց ու ինքը կպատժվի։ Իսկ եթե համաձայնի, ապա խոշոր գումար կվճարեն ստացած տեղեկությունների դիմաց։ Ահա այսպիսով հավաքագրում են անձանց։
Հանդիպման ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք Ադրբեջան գնալը քրեորեն պատժելի արարք է, ինչին իրավապահ մարմնի ներկայացուցիչները բացասական պատասխան տվեցին, սակայն միաժամանակ ընդգծեցին, որ եթե անձը առանց իրենց տեղյակ պահելու մեկնում է Ադրբեջան, ապա նա ինքնըստինքյան հայտնվում է ԱԱԾ-ի ուշադրության տակ։