17/12/2018 12:34
Վերաքննիչ դատարանը մերժել է «Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով բողոքը
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, դեկտեմբերի 14-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը, մերժել է այն։
Հիշեցնենք՝ Քոչարյանը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակայնորեն արտահայտած զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին: Նկատենք, որ փաստաբանը իր հայցադիմումի մեջ, մասնավորապես, խնդրել է.
«Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «... Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ...»։
Դատարանն ընդունել էր վարույթ փաստաբանի հայցադիմումը։ Սակայն փաստաբանը նաև միջնորդել էր, որպեսզի կիրառվի հայցի ապահովման միջոց, այն է՝ արգելել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հետ կապված հանգամանքները։ Մասնավորապես, փաստաբանը միջնորդել էր դատարանին, որպեսզի պարտավորցնի Նիկոլ Փաշինյանին մարտի 1-ի գործի ու Քոչարյանի վերաբերյալ հայտարարություններ չանել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, մերժել էր այդ միջնորդությունը, ինչն էլ առիթ էր եղել, որպեսզի փաստաբանը ընդդեմ այդ մերժման վեաքննիչ բողոք ներկայացնի Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Դատարանը մերժել էր Ալումյանի միջնորդությունը, այն պատճառաբանությամբ, որ վարչապետին հայտարարություններ անելն արգելելուն պարտավորեցնելը կարող է սահմանափակել նրա արտահայտվելու ազատությունը։
Այսպիսով, Aysor.am-ը տեղեկանում է, որ Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է հետևյալ եզրակացություններին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։
Ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։
Ելնելով այս ամենից՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Կարեն Չիլինգարյանի նախագահությամբ, դեկտեմբերի 14-ին որոշել է մերժել Ալումյանի բողոքը։