18/12/2018 13:23
Տարեվերջին գնաճի ավելի ցածր ցուցանիշ կգրանցվի, քան կանխատեսվում էր. Արթուր Ստեփանյան
Շուկաներում մրցակցության ավելացման միտումներ են ուրվագծվում, Կենտրոնական բանկում «Գների և ֆինանսական կայունության թեմայով» ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:
«Սա նաև տեսանելի է այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ կան: Դրանք ավելի երկար են ծանրութեթև անում գնային փոփոխություններ իրականացնելու ժամանակ: Մի շարք շուկաներում կարող ենք տեսնել նույնիսկ միջազգային գների համեմատությամբ նվազման միտումներ, իսկ երբ միզագայիններում գները բարձրանում են, մեր շուկայում գները բավական երկար ժամանակ չեն ավելանում», - նշեց նա:
Ստեփանյանն ընդգծեց, որ այս կառավարությունն ավելի շատ ուշադրություն է դարձնում պետական ծախսերի արդյունավետությանը, մասնավորապես, փորձելով նվազեցնել պետական գնումներն ու վերացնել այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք, ըստ էության, եղել են: Նա համոզմունք հայտնեց, որ տարվա ամփոփումից հետո պետբյուջեում պետական ծախսերի մասով բավականին մեծ տնտեսումներ կլինեն:
Ստեփանյանը նաև նկատեց, որ իրենց կանխատեսումներով՝ տարեվերջին գնաճի ավելի ցածր ցուցանիշ կգրանցվի, քան կանխատեսվում էր՝ կազմելով 1,5-1,8 տոկոս: