19/12/2018 13:40
Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը շատ ցածր են, այդ թվում՝ քաղաքապետինն ու տեղակալներինը. Լևոն Հովհաննիսյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը 2019 թվականի բյուջեն հետընթաց է համարում:
«Ադմինիստրատիվ ծառայությունների համար հատկացվող միջոցները, որոնք մենք անարդյունավետ ենք համարում, ավելացել են. 1 մլրդ 232 մլնով ավելացել են պարգևատրումները, 50 մլն դրամով ավելացել են արտասահմանյան գործուղումները և 160 մլն դրամով ավելացել են աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման ծախսերը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ավագանիում «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա ընդգծեց, որ մի շարք կարևոր խնդիրների, ինչպես օրինակ, վերելակների նորոգման, կանաչապատման, տրանսպորտային խնդիրների լուծման համար հատկացվող գումարները կրճատվել են, ինչը մի շարք խնդիրների է հանգեցնելու:
«Այս բյուջեի կրճատումը բազմապատիկ հետընթաց է ապահովելու տվյալ աշխատանքների գործում», - նշեց նա:
«Իմ քայլը» դաշինքով ավագանու մանդատ ստացած, ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ի պատասխան ընդգծեց, որ Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը շատ ցածր են, այդ թվում՝ քաղաքապետինն ու տեղակալներինը:
Նրա խոսքով՝ նման աշխատավարձի պայմաններում դժվար է լավ մասնագետներ գտնել:
«Այս ամենն արվում է զարգացման ծրագրերի համար: Ծախսերի նպատակը մեկն է՝ քաղաքապետարանն ուզում է իր միջոցների հաշվին անցկացնել աշխատակազմի վերապատրաստում, այդ թվում՝ անգլերենի և ռուսերենի իմացության բարձրացում և այլ գիտելքիների խորացում», - ասաց նա: