19/12/2018 13:31
Նման հայտարարությունները դրական մթնոլորտ ձևավորելու առումով վատ չեն. Քաղաքագետը՝ Մամեդյարովի հայտարարության մասին (Տեսանյութ)
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը իշխանափոխությունից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մի քանի փոփոխություն նկատել է։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մատնանշելով փոփոխություններից մեկը, նկատեց, որ շփման գծում աննախադեպ հանդարտ վիճակ է. «Նախ՝ աննախադեպ հանդարտ է դիմակայության գծում, երկրորդը՝ ուղիղ կապ կա Երևանի և Բաքվի միջև՝ ԵԱՀԿ հովանու ներքո, բացի այդ, թևակոխել ենք բանակցային գործընթացի ակտիվ փուլ»։
Քաղաքագետի խոսքով՝ մյուս փոփոխությունն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հյուսիս-արևելյան սահմանում ադրբեջանական ցամաքային զորքերի փոխարեն հերթապահության են անցնում սահմանապահ զորքեր։
«Սա խոսում է այն մասին, որ այսօր պաշտոնական Բաքվին ձեռնտու է խաղաղասիրական դիրքավորումը արցախյան գործընթացում և այս փոխատեղումը նա կփորձի վաճառել որպես խաղաղասիրություն», - նկատեց Մեհրաբյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման, Մեհրաբյանն ասաց. «Նման հայտարարությունները դրական մթնոլորտ ձևավորելու առումով վատ չեն։ Այս ակտիվ գործընթացի ընթացքում նման հայտարարությունները ինչ-որ տեղ կարող են հիմք հանդիսանալ օպտիմիզմի համար, բայց՝ շատ զգուշավոր»։
Այդուհանդերձ, Մեհրաբյանի խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանը մնացել է իր «կարծր դիրքորոշմանը»։ Միաժամանակ, նա լավ է համարում, որ երկու երկրների արտգործնախարարները «դրական նոտաներ» են հայտնում անցած ու առաջիկա բանակցություններին ընդառաջ։ «Դա ավելի լավ է, քան հայտարարությունների մակարդակով փոխհրաձգությունը», - հավելեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում