12/01/2019 10:50
Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուքների հետևանք էր. Արթուր Մեսչյան (տեսանյութ)
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուքների հետևանք էր:
Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի խոսքով, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:
«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել և վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուքների հետևանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից եւ հանգիստ շարունակել աշխատանքները», - ասում է գլխավոր ճարտարապետը՝ հույս հայտնելով, որ Մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, «Հին Երևանի» ճարտարապետի հետ միասին կմշակի մի նախագիծ, որով կապահովվեն գոյություն ունեցող հուշարձանների պահպանությունը և հուշարձանների շուրջ տեղի ունեցող որևէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները: