14/01/2019 17:26
Մյուս անգամ, որ խոսում եմ, խնդրում եմ չմիջամտել, եղա՞վ. Բանավեճ Էդմոն Մարուքյանի ու Սասուն Միքայելյանի միջև (Տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում ԱԺ 3-րդ փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև:
Էդմոն Մարուքյանը, պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանի դիտարկմանը, հայտարարեց, որ իր ղեկավարած խմբակցությունը ԲՀԿ-ի հետ «կռիվ» չունի: Նրա խոսքով, իրենց «կռիվը» մեծամասնության հետ է:
«Մենք չենք վիճարկում, որ ԲՀԿ-ն Ազգային ժողովի երկրորդ քաղաքական ուժն է: Դա փաստ է: Մենք վիճարկում ենք այն, թե արդյոք ԱԺ 3րդ փոխնախագահը պետք է լինի՞ ԲՀԿ-ից, թե՞ ԼՀԿ-ից: Մենք ասում ենք՝ մենք ենք այդ տեղի հավակնորդը, որովհետև մեր փոխխոսնակը որպես ընդդիմադիր, կլինի ավելի լավը: Որևէ անձնական բան չկա, մենք ձեր հետ կռիվ չունենք, որովհետև դուք չեք որոշելու, լինի՞ տիկին Թանդիլյանը փոխնախագահ, թե՞ ոչ: Մեր կռիվը իրանց հետ է, իրանք պետք է պատասխան տան»,- դիմելով Աբովյանին, ասաց Մարուքյանն՝ ակնարկելով խորհրդարանական մեծամասնությանը:
Մարուքյանի «իրանք» արտահայտությունը, այսինքն՝ դիմելաձևը քաղաքական մեծամասնությանը, թերևս դուր չեկավ Սասուն Միքայելյանին, և պատգամավորը տեղից որոշ ռեպլիկներ արեց, սակայն քանի որ նա բարձրախոսով չէր, լսելի չէր՝ ինչ ասաց:
«Բան ունե՞ք ասելու, պարո՛ն Միքայելյան»,- Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց տեղում անհնագիստ նստած Սասուն Միքայելյանից:
Վերջինին հետաքրքրում էր, թե ու՞մ նկատի ունի «իրանք» ասելով: Մարուքյանն ի պատասխան ասաց՝ «քաղաքական մեծամասնությանը»:
«Պարո՛ն Միքայելյան, եթե ուզում եք, գրանցվեք, ելույթ ունեցեք, խնդրում եմ, տեղից մյուս անգամ իմ ելույթի ժամանակ չմիջամտեք, եղա՞վ: Դուք բանախոսի հետ բանավեճի մեջ եք մտել, ինձ լավ ճանաչում եք, ես էլ ձեզ»,- արձագանքեց Մարուքյանը:
Նշենք, որ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, իսկ ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը: