14/01/2019 13:44
Այս հարցի շուրջ կա արդեն իսկ ուղղորդված հանրային կարծիք. Ռուբեն Մելիքյանն իր աջակցությունն է հայտնում Աղաջանովների ընտանիքին
Իրավաբան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ևս մասնակցում է կառավարության դիմաց իրականացվող «Դեմ ենք մարդասպան Մհեր Ենոքյանի ներմանը» բողոքի ակցիային, հրապարակավ իրավաբանական աջակցություն է հայտնել Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամներին։
«Նրանց չեմ ճանաչում, եկել եմ ծանոթանալու և իմ աջակցությունը հայտնելու», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ վերջերս ակտիվ տարածվում են տեղեկություններ, որ դատապարտյալների ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին նրա խնդրագրի հարցին և մնում է եզրակացությունը հաստատվի ՀՀ նախագահի կամ վարչապետի կողմից:
Այս հարցում, ըստ Ռուբեն Մելիքյանի, կա օրենսդրական խնդիր, կա խնդիր նաև օրենսդրության ընկալման հետ։
Նրա գնահատմամբ՝ կա իրավիճակ, երբ ներման գործընթացքում տուժողների իրավունքները ապահովված չեն։
«Մարդիկ չեն տեղեկացվում, նրանց դիրքորոշումը ոչ ոք չի հարցնում, իսկ մենք գործ ունենք ծանրագույն հանցագործության հետ։ Սա նաև պետք է առիթ և խթան լինի, որ պարտադիր փոփոխություններ անենք մեր օրենդրության մեջ։ Մենք դատապարտյալների շահերը հաշվի ենք առնում, դա կարևոր է, բայց պետք է հաշվի առնենք նաև տուժողների շահերը, երբ խոսքը վերաբերում է այսպիսի ծանր հանցագործություններին։ Առավել ևս այս դեպքում, երբ տարիներ շարունակ մեզ մատուցվել է միակողմանի տեղեկատվություն», - նկատեց իրավաբանը։
Մելիքյանն ասաց, որ այս հարցի շուրջ կա արդեն իսկ ուղղորդված հանրային կարծիք։
Նա նշեց նաև, որ սկսել է ծանոթանալ գործի մանրամասներին։
«Որևէ խնդիր չեմ տեսնում, եթե գործի վերաբացման մեխանիզմները նորից կիրառվեն և դատարաններն իրենց տեսակետը հայտնեն», -ասաց Ռուբեն Մելիքյանը։