15/01/2019 19:40
2020 թ. «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է Արցախում քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան
Ստեփանակերտում հունվարի 14-ին տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին կուսակցության բարձրագույն մարմնի՝ Կենտրոնական խորհրդի անդամները, տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
Ողջունելով ներկաներին՝ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ գրասենյակային նոր, հարմարավետ պայմանների ստեղծումը ներկուսակցական աշխատանքների ակտիվացման ևս մեկ հնարավորություն է, որն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել:
«Պետք է փաստենք, որ վերջին 14 տարիների ընթացքում «Ազատ հայրենիք» կուսակցությունը իր ծանրակշիռ մասնակցությունն է ունեցել մեր հանրապետության ներքաղաքական կյանքում: Այդ ընթացքում մենք զբաղվել ենք նաև կուսակցական մարմինների, այդ թվում՝ երիտասարդական թևի, կանանց խորհրդի ձևավորման ու կայացման, կուսակցության շարքերի համալրման և այլ աշխատանքներով: Իհարկե, կուսակցաշինությունը շարունակվող գործընթաց է, և այսօր ցանկանում եմ հայտարարել, որ մենք նոր փուլ ենք մտնում, որտեղ յուրաքանչյուրիցս պահանջվելու է ավելի հետևողական աշխատանք»,- ասել է Ա. Հարությունյանն՝ ընդգծելով, որ այդ համատեքստում դրված է նաև սահուն սերնդափոխության հարցը:
Ա. Հարությունյանի խոսքով՝ անցած տարիների ընթացքում ձեռք բերած քաղաքական հասունությունը և փորձը լավ հիմք են, որ «Ազատ հայրենիք»-ը քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի:
«Այսօր մեկ անգամ ևս փաստում եմ, որ 2020 թվականին «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին»,- ընդգծել է Ա. Հարությունյանը: