18/01/2019 16:47
ԱԺ նախագահությունը խախտեց կանոնակարգ-օրենքը, Գագիկ Ծառուկյանը 5-օրյա աշխատանքներից 3-ին ներկա էր. նոր գումարման ԱԺ-ն ավարտեց առաջին նիստերը
Այսօր նորընտիր խորհրդարանն ավարտեց երկուշաբթի օրվանից սկսած աշխատանքները:
Խորհրդարանի աշխատանքային օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ ԱԺ նախագահի, փոխնախագահների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, դրանց նախագահների ընտրություններ, կառավարության ծրագրի քննարկում:
Կառավարության ծրագիրը խորհրդարանին ներկայացված չէր, ուստի ԱԺ-ն աշխատանքներն ավարտեց մշտական հանձնաժողովի նախագահների ընտրությունից հետո:
Այս հարցն, ի դեպ, ամենաշատը քննարկվեց խորհրդարանում՝ 4 օր: Որոշ պատգամավորներ գոհ էին քննարկումներին ակտիվ մասնակցությունից: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն, օրինակ, ով նախորդ խորհրդարանի աշխատանքները պարբերաբար քննադատում էր քառօրյա նիստերը երկօրյա աշխատանքային ռեժիմով ավարտելու համար, դեմ չէր 5-օրյա քննարկումներին: Միքայել Մելքումյանի հետ համակարծիք չէին «Իմ քայլից» Վարազդատ Կարապետյանը, ով քննադատեց հանձնաժողովի նախագահներին այդքան հարցեր ուղղելու համար՝ նշելով, որ դրանում իմաստ չկա, քանի որ հանձնաժողովի նախագահը միայն կանոնակարգող գործառույթ ունի և Բաբկեն Թունյանը, ով նման աշխատելաոճը ժամանակի օգտագործման առումով որակեց անարդյունավետ:
Խորհրդարանը աշխատանքային առաջին իսկ օրը խախտեց ԱԺ կանոնակարգը: Նախ նորընտիր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թեկնածուին ձայն տալու փոխարեն, հայտարարեց մտքերի փոխանակման փուլ ու փորձեց կազմակերպել գրանցում, ապա փոխնախագահների ընտրությունից առաջ Արարատ Միրզոյանը առաջարկեց 15 րոպե շուտ գնալ ընդմիջման, իսկ աշխատանքները վերսկսել քվեարկության արդյունքներից հետո: Այսպիսով ԱԺ-ն ընդմիջման հեռացավ 11:15-ին 11:30-ի փոխարեն, իսկ նիստը 12:00-ին այսպես էլ չմեկնարկեց, մինչդեռ համաձայն կանոնակարգի՝ մինչև քվեարկության արդյունքների ամփոփումը նիստը շարունակվում է և ԱԺ-ն քննարկում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցը:
Մնացած խմբակցությունների պատգամավորները ժամանակին դահլիճ եկան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր մասնակցում նիստին, մինչդեռ շուրջ 10 րոպե սպասելուց հետո լքեց նիստերի դահլիճը:
ԱԺ նախագահի և փոխնախագահների ընտրությունից հետո խորհրդարանի քննարկմանը ներկայացվեց ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման մասին «Իմ քայլը» խմբակցության կողմից նախապատրաստած նախագիծը, որով առաջարկվում էր նախկին գումարման 9 հանձնաժողովի փոխարեն ունենալ 11 հանձնաժողով: Այս անգամ էլ ԱԺ նախագահն առաջարկեց շուրջ 10 րոպե շուտ գնալ ընդմիջման՝ խմբակցությունում քննարկելու դահլիճում հնչած առաջարկությունները: «Իմ քայլում» քննարկումները երկարեցին: Ըստ կանոնակարգի՝ տվյալ ընդմիջման համար հատկացված էր մեկ ժամ, սակայն նիստը կրկին սկսվեց ուշացումով:
Մինչդեռ պարզվեց, որ այդքան ժամանակը բավարար չի եղել քննարկումն ավարատելու համար: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ուշացումով վերսկսված նիստի մեկնարկից անմիջապես հետո հայտարարեց, որ հարցի քվեարկությունից առաջ խմբակցությունում հարցը քննարկելու կարքի կա ու 20 րոպե ընդմիջում պահանջեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ անմիջապես 20 րոպե ընդմիջում հայտարարեց՝ հղում անելով ԱԺ կանոնակարգ-օրենքին, որով թույլատրվում է քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնել:
Երեկ էլ ժամը 18:00-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց օգտվել կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորությունից ու մեկ ու կես ժամ տևողությամբ ևս մի նիստը գումարել: Մինչդեռ քննարկումներն այդքանով չավարտվեցին ու այսօր առավոտյան կրկին շարունակվեցին: Այսօր խորհրդարանին վերջապես հաջողվեց ավարտել 5 օր տևած աշխատանքները:
Նշենք, որ աշխատանքային շաբաթվա ընթացքում Գագիկ Ծառուկյանը, ով նախորդ գումարման խորհրդարաններում ամենաշատ բացակայած պատգամավորներից է եղել, 3 օր ներկա է եղել նիստերին, իսկ նիստերի առաջին օրը մնացել է խորհրդարանում մինչև նիստի ավարտը, Ծառուկյանը նաև հասցրել է ծավալուն ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից՝ մասնավարապես անդրադառնալով ԼՀԿ կողմից ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած քննադատություններին:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա «Լուսավոր Հայաստանը» վաղուց հայտարարել էր, որ ընդդիմություն է, իսկ խորհրդարանի առաջին նիստերի մեկնարկին Գագիկ Ծառուկյանն ի պատասխան լրագրողների հարցերին՝ ընդդիմություն է, թե ոչ, ասաց, որ ԲՀԿ-ն ժողովրդի ձայնն է խորհրդարանում, ավելի ուշ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հաստատեց. «Որևէ քաղաքական ուժ, որն իշխանության մեջ չկա, ընդդիմություն է»:
Խորհրդարանական առաջին վեճը ևս չուշացավ՝ այն տեղի ունեցավ ԲՀԿ-ԼՀԿ խմբակցությունների մեջ: Նիստերի ընթացքում ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն միմյանց հասցեին քննադատություններ հչեցնելու առիթը բաց չթողեցին, իսկ Գագիկ Ծառուկյանը նման աշխատելաոճը որակեց այսպես. «Բոլոր ընտանիքներում էլ վեճեր լինում են»:
ԱԺ նիստի ավարտից հետո այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Հաջորդ աշխատանքները խորհրդարանը կանցկացնի ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված քառօրյա աշխատանքային գրաֆիկով: