18/01/2019 17:18
Զինծառայողների ճաշացանկում 4 մթերք կավելացվի՝ մեղր, սխտոր, ճարպ (սալ) և լավաշ (Տեսանյութ)
Այս տարվանից զինծառայողների ճաշացանկանում 4 մթերք կավելացվի՝ մեղր, սխտոր, լավաշ և ճարպ (սալ), այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ Թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը։
«Մրցութային գործընթացից հետո արդեն կսկսվեն հատակացումները զինծառայողներին։ Մասնավորապես, ձմեռային ժամանակահատվածում պլանավորված է զինծառայողներին հատկացնել բնական մեղր, քանի որ այն ունի շատ առողջարար հատկություններ։ Նույն ձմեռային ժամանակահատվածում պլանավորված է ավելացնել սալ՝ ճարպ, սխտոր, որը նույնպես ամրացնում է իմունային համակարգը։ 2019թ.-ի մայիսից էլ բոլոր զինծառայողներին հասանելիք հացի 40 տոկոսի չափով կհատկացվի լավաշ», - ասաց Արա Մարգարյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարվանից սննդակարգում ավելացվել էր պատրաստի թանապուր՝ մարտական հերթապահություն իրականացնողների համար, և մածուն՝ զորամասային ճաշարանների համար։
«2019թ.-ից նախատեսում ենք նաև պահածոյացված կարտոֆիլի հատկացում, որը մարտական հերթապահության ընթացքում ըստ զինծառայողների ցանկության կարող է օգտագործվել թե՛ տապակայի տեսքով, թե՛ խյուսի՝ պյուրեի տեսքով։ Նաև 2019թ.-ից կսկսվի 7 տեսակի արագ պատրաստվող ապուրների մատակարարման գործընթացը, ինչը հնարավորություն կտա անմիջապես մարտական հենակետերում տաքացնել ու ուտել դրանք։ Այս ուտեստներից 6-ը տարբեր տեսակի ձավարեղեն է, 7-րդը՝ պատրաստի բորշ», - ասաց ԶՈւ Թիկունքի վարչության պարենային ծառայության պետը։
Որոշակի փոփոխություններ կան նաև զինծառայողների հագուստի մեջ։
Մասնավորապես, բանակին այլևս չեն հատկացվի մեկանգամյա օգտագործման ներքնաշորերը.
«Մեկանգամյա օգտագործման կիսավարտիքի փոխարեն տրվում են բամբակյա կիսավարտիքներ, 2 տարվա համար՝ 12 հատ։ Դրանց որակն իսկապես լավն է, ու զինվորն ի վիճակի է դրանք լվանալ ու հագնել», - լրագրողնրին ասաց ԶՈւ Կնետրոնական իրային բազայի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը։
Նա անդրադարձավ նաև զինվորական համազգեստի կտորի փոփոխությանը, նշելով, որ այժմ համազգեստը կարվում է ավելի որակյալ կտորից։ Այս նոր տարբերակով կարված համազգեսն արդեն բաժանվում է նորակոչիկներին ու մյուս զինծառայողներին։
Ինչ վերաբերում է նոր ճտքավոր կոշիկներին, ապա դրանք նորակոչիկներին կբաժանվեն ամառային զորակոչի ընթացքում, իսկ մյուս զինծառայողներին՝ կարված, պատրաստ լինելուն պես։