18/01/2019 14:30
Լեհական դեղատներում մարիխուանայի վաճառքն օրինականացվել է
Բժշկական նպատակներով մարիխուանայի վաճառքի օրինականացման մասին օրենքը Լեհաստանում ուժի մեջ է մտել: Դեղատներում այն տրամադրվում է միայն համապատասխան դեղատոմսով:
Առայժմ Լեհաստան մարիխուանա ներկրելու արտոնագիր ստացած միակ արտասահմանյան ընկերությունը կանադական Spectrum Cannabis-ն է, ընկերությունից հայտնել են, որ ապրանքի առաջին խմբաքանակն արդեն ներկրվել է երկիր:
Մարիխուանայի մեկ գրամը լեհական դեղատներում արժե մոտ 65 զլոտի (17 դոլար), իսկ ահա անօրինական ճանապարհով այն ձեռք բերողները վճարում են մոտ 50 զլոտի, թեև զրկվում են ապրանքի որակի երաշխիքի կամ կանեփի աճեցման վայրի մասին տեղեկություն ստանալու հնարավորությունից: Բուժական մարիխուանան աճեցվում է լաբորատոր պայմաններում:
Ըստ նախնական տվյալի՝ Լեհաստանում բուժական նպատակներով մարիխուանայի կարիք ունի մոտ 300 հազար մարդ: Նրանց անհրաժեշտ չափաբաժինների մասին հստակ տվյալներ չկան: