19/01/2019 13:45
Քաղաքականության մեջ մանդատը չի կարող փոխարինել մտքին և արժեհամակարգին. Արմեն Աշոտյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ամփոփել է արտախորհրդարանական մեկ շաբաթը և իր ֆեյսբուքյան էջում գրել.
«Թեպետ քաղաքական դիրքավորման տեսակետից այս շաբաթից սկսված իմ և կուսակցական գործընկերներիս քաղաքական գործունեությունը արտախորհրդարանական է, այնուհանդերձ երկրի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ձևավորման տեսակետից ինձ հաջողվեց հետևյալը՝
1. ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման և կիրարկման խնդիրների մասին իմ մանրակրկիտ վերլուծությունները հանրային բուռն արձագանքի արժանացան, միջազգային և տեղական փորձագետների բազմաթիվ մեկնաբանություններ եղան, իսկ ԱԺ նորընտիր նախագահը ստիպված էր համաձայնվել իմ քննադատության հետ։
2. Բաքվում հայերի ջարդերի մասին ԱԺ-ում հայտարարություն անելու հորդորս կյանքի կոչվեց։
3. ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը, որը բազմաթիվ մտահոգությունների առիթ է տվել ու մնացել նոր ԱԺ-ի ուշադրությունից դուրս, հանրային ահազանգման էի ենթարկել և ան դարձավ հանրային-քաղաքական քննարկումների օրակարգային կետ։
Եզրակացությունը մեկն է՝ քաղաքականության մեջ մանդատը չի կարող փոխարինել մտքին և արժեհամակարգին: Եթե կա ասելիք, ապա այն հնարավոր է հասցնել ժողովրդին նաև առանց ԱԺ ամբիոնի:
Իսկ կառավարությանը վերահսկելու ձևերն էլ կան, շուտով կտեսնեք»: