22/01/2019 13:19
Մեքենաներում երեխաների համար «քարսիթերը» պարտադիր են լինելու. Նոր նախագիծ
Հայաստանի արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է նոր փոփոխություններ դրել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող կառավարության որոշումներում։
Մասնավորապես, առաջարկվում է ներմուծել գոտի հեծանվորդների համար, որը երթևեկելի մասի մյուս հատվածից հորիզոնական գծանշումով առանձնացված է լինելու և նախատեսված է հեծանիվներով և մոպեդներով երթևեկելու համար։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղությամբ նորամուծությունների թվում է նաև հատուկ երեխաների համար նախատեսված «քարսիթեր» ունենալու պահանջը։
Այսպես, նախագծով նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (քարսիթերի) օգտագործման միջոցով:
Ըստ փաստաթղթի, 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (քարսիթերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (քարսիթերի) օգտագործման միջոցով:
Մեքենաներում ու բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի (քարսիթերի) տեղադրումն ու դրանցում երեխաներին տեղավորումը պետք է իրականացվեն նշված համակարգերի (քարսիթերի) շահագործման կանոններին համապատասխան:
«Որոշման նախագծի ընդունմամբ ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումները կհամապատասխանեցվեն արդի պահանջներին», -նշված է նախագծում։
Նշենք, որ մեքենաներում «քարսիթեր» տեղադրելու պահանջի մասին բարձրաձայնվեց 2018-ի ապրիլի 26-ին Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում սարսափելի վթարից հետո, որի հետևանքով 1 տարեկան երեխան մահացել էր։