22/01/2019 10:33
«Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲԸ-ն հաղթեց ՊԵԿ-ին
Անվավեր է ճանաչվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության թիվ 1010978 ակտը, որով «Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲ ընկերությանն առաջադրվել էր լրացուցիչ գանձման ենթակա ավելի քան 5 մլն դրամի հարկային պարտավորություն։
«ԷՄ Ջի Էմ» ընկերության փաստաբան Մուշեղ Խաչիկյանին հաջողվեց դատարանում ապացուցել, որ հարկային տեսչության նշված ակտը հակասում է օրենսդրությանը և դատարանն անվավեր ճանաչեց ակտի «Շահութահարկ» վերտառությամբ 1-ին և «Հարկային գործակալի կողմից պահվող (գանձվող) եկամտային հարկ» վերտառությամբ 21-րդ միջամտող կետերն ամբողջությամբ։
Մասնավորապես՝ դատարանն արձանագրել է, որ ստուգում իրականացնող հարկային մարմնի կողմից խախտվել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջները։ Ենթադրյալ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ, հետևապես դրանք չունեն ապացուցողական ուժ և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում։
Բացի այդ՝ դատարանն արձանագրել է, որ ստուգման ակտի «Շահութահարկը» ձևակերպվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված օրինականության և իրավական որոշակիության սկզբունքներին ոչ համապատասխան։ Փաստել, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հարկատու ընկերությանն իրավունք է վերապահում իր հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցնել նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` նշված հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով:
«Տվյալ պարագայում ստուգման ակտի 1-ին կետում հարկային մարմնի կողմից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի (մասի) և ՀՀ կառավարության 11.04.2000 թվականի թիվ 161 որոշման պահանջները խախտված լինելու հանգամանքը նշելը բացարձակ կերպով անհիմն է, քանի որ տվյալ իրավական նորմերը վերաբերում են ոչ թե հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցնելու հիմքերին, այլև բացառապես տնտեսավարող սուբյեկտի հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի տարբերակմանը` ըստ ընթացիկ, կապիտալ և սպասարկման ծախսերի», - արձանագրել է դատարանը:
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Վարչական դատարանի վճիռը։