22/01/2019 14:06
Դելիում անձրևները մի քանի ժամով կազմալուծել են ճանապարհային երթևեկությունը
Հնդկաստանի Դելիի Ազգային մայրաքաղաքային տարածաշրջանում հզոր ամպրոպային տեղատարափները և փոթորկային քամին երեքշաբթի առավոտյան նոր ուժով են մոլեգնել՝ այնտեղ մի քանի ժամով գործնականում լիովին կաթվածահար անելով ճանապարհային երթևեկությունը, փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը:
Հնդկական մայրաքաղաքում սաստիկ անձրևը սկսվել է երկուշաբթի և շարունակվել մինչև երեկո: Սակայն «գիշերային կարճատև դադարից» հետո տարերքը կրկին հարվածել է քաղաքին. դա տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ի սահմաններում, երբ քաղաքի բնակչության մեծ մասը գտնվում էր աշխատավայր տանող ճանապարհին: Առատ տեղումների և ցածր տեսանելիության պատճառով, որը չի գերազանցել 5-7 մետրը, Դելին բառացիորեն կանգ է առել խցանումների մեջ:
Երկարատև տեղատարափ անձրևները մայրաքաղաքի թաղամասերում հանգեցրել են մի քանի աստիճանով օդի ջերմաստիճանի նվազման:
Հնդկաստանի Օդերևութաբանական դեպարտամենտում հայտնել են, որ այդ տարածաշրջանում վատ եղանակը կմոլեգնի ևս առնվազն մեկ օր, ինչից հետո անձրևները տեղի կտան, սակայն շաբաթվա վերջին նոր ուժով կտեղան քաղաքում: