23/01/2019 16:26
Գեներալ Մանվելի մերձավորների փաթեթավորման բիզնեսը դուրս է եկել օդանավակայանից ու «գրավել» մայթերը (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ և խոշոր չափի յուրացման համար մեղադրվող Մանվել Գրիգորյանի մերձավորներին պատկանող ուղեբեռի փաթեթավորման բիզնեսը «Զվարթնոց» օդանավակայանի նախասրահից տեղափոխվել է դուրս ու «գրավել» օդանավակայան տանող ճանապարհը։
Հայաստանից մեկնող քաղաքացիների ուղեբեռի փաթեթավորումը նախկինում իրականացվել է միայն օդանավակայանի սրահում։ Այդ բիզնեսում մասնաբաժին են ունեցել Մանվել Գրիգորյանի մերձավորները։ Սակայն նախկին պատգամավորի վերաբերյալ խոշոր յուրացման փաստի առթիվ քրեական գործի (ստացել է «տուշոնկայի գործ» անվանումը՝ հեղ.) հարուցումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը, Aysor.am-ի տեղեկություններով, ջանքեր է թափել ազատվել Գրիգորյանին առնչվող բիզնեսից։
Արդյունքում այժմ օդանավակայանի նախասրահում տեղադրված ուղեբեռի փաթեթավորումն իրականացվում է այլ անձանց կողմից։
Իսկ ազատազրկման մեջ գտնվող նախկին պաշտոնյային առնչվող բիզնեսը դուրս է եկել օդանավակայանից ու գրավել «Զվարթնոց» տանող ճանապարհի մայթերը։ Այստեղ տիրապետող է ԵԿՄ անդամ, Մանվել Գրիգորյանի մերձավոր ու հավատարիմ ընկեր Սեյրան Ծատուրյանի ընտանիքի բիզնեսը։ Ըստ որոշ տեղեկությունների, Սեյրան Ծատուրյանը ՊԵԿ նախկին աշխատակից է։
Aysor.am-ի խմբագրություն դիմած քաղաքացիները պնդում են, որ ուղեբեռը փաթեթավորելիս մայթերում գործունեություն իրականացնողները ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, ինչը կասկածի տակ է դնում բիզնեսի օրինականությունը։
Ուղեբեռի փաթեթավորում իրականացնողները աշխատում են 24 ժամ՝ առանց հանգստի, մայթերում՝ անհարմարություններ առաջացնելով հետիոտների համար։
Մեր թղթակիցը եղել է «դեպքի վայրում», զրուցել ուղեբեռի փաթեթավորում իրականացնողների հետ։ Նրանցից մեկը հաստատեց, որ Ծատուրյանի բիզնեսն է, բայց հրաժարվեց խոսել տեսախցիկի առաջ։ Մեկ այլ «մանր գործարար» էլ խոստովանեց, որ ՀԴՄ չի տրամադրում, քանի որ նոր է սկսել բիզնեսը։
Մանրամասն՝ տեսանյութում