23/01/2019 13:28
Վենեսուելայի մայրաքաղաքում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Լիբերտադոր շրջանում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բողոքի ակցիաներում մոտ 30 մարդ է ձերբակալվել, հայտնում է El Nacional թերթը` հղում անելով ականատեսին:
Նրա խոսքով՝ ստիկանները և Ազգային գվարդիայի զինյալները փորձել են ցրել ցուցարարներին՝ արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով:
Ավելի ուշ, բախման վայրում հայտնվել է «հատուկ ստորաբաժանման գրոհայինների երկու մեքենա, որոնք կրակ են բացել ցուցարարների վրա»:
«Կարծեմ մի մարդ սպանվել է, բայց նրա անունը դեռ հայտնի չէ, և 30 հոգու ձերբակալեցին», - ասել է ականատեսը:
Ավելի վաղ Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Ժոզե Մանուել Օլիվարեսը Twitter-ի իր էջում հաղորդել էր ցույցերի ընթացքում մեկ զոհի և հինգ վիրավորի մասին:
Կարակասում և երկրի մի քանի այլ քաղաքներում երեքշաբթի երեկոյան հակակառավարական ցույցեր են սկսվել՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ընդդիմության կողմից կազմակերպված լայնածավալ բողոքի ցույցերի նախօրեին:
2017 թվականին Վենեսուելան մի քանի ամիս շարունակ ցնցեցին բողոքի ցույցերը: Դրանց ընթացքում զոհվեց առնվազն 120 մարդ, հազարավորներ վիրավորվեցին, ավելի քան 5 հազար մարդ ձերբակալվեց: