23/01/2019 11:50
Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը ծխի ու մոխրի սյուն է արտանետել
Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը երեքշաբթի երեկոյան ծխի ու մոխրի 4-կիլոմետրանոց սյուն է արտանետել, որը շարժվում է Պուեբլա քաղաքի ուղղությամբ, հայտնել է համանուն նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:
«Ավելի քան 4 կմ բարձրությամբ հրաբխային սյուն է արտանետվել, քամին մոխիրը տանում է դեպի հյուսիս-արևելք, այսինքն՝ Պուեբլա», - ասված է ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ ծառայությունը Twitter-ում ճշտել է, որ հրաբխային սյունի բարձրությունը հասնում է երկու հազար մետրի, նաև քաղաքացիներին հիշեցրել է տարահանման ուղիների և ժամանակավոր ապաստարանների դասավորության մասին:
Պոպոկատեպետլ հրաբուխը, որի անվանումը ացտեկների լեզվից թարգմանվում է որպես «ծխացող լեռ», ծովի մակերևույթից բարձր Է 5,4 հազար մետր: Այն արդեն վաղուց դարձել է Մեքսիկայի խորհրդանիշներից մեկը: