24/01/2019 11:47
Մեսչյան. Թամանյանի շենքից 9 մետր հեռավորության վրա շաուրմայի ծխնելույզ կա, տղերքն արդեն միս են սարքում
Երևանի կանաչ տարածքները վերականգնելու որոշման վերաբերյալ շատ տարօրինակ խոսակցություններ կան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
«Ասում են՝ դեռ ոչինչ չարած, արդեն քանդում են։ Մարդիկ ուրախանալու փոխարեն տարօրինակ վերաբերմունք են ցույց տալիս։ Բիզնեսներն առանձնապես չեն տուժելու։ Եթե գիտեք, այդ սրճարանները երկու մասից են բաղկացած, մի մասը, որ հպվում է ցանկապատին, մյուս մասը՝ դեպի մայթ։ Մի գոտու վերացումից այդ մարդկանց բիզնեսը չի տուժելու», - նկատեց ճարտարապետը։
Մեսչյանն ասաց նաև, թե պետք է ազնիվ լինել և ասել, որ հաճելի չէ Մաշտոցի պողոտայից նայում ես օպերայի դերասանական մուտքին։
«Տեսե՞լ եք՝ աջից և ձախից ինչ է կատարվում։ Ընդեղ արդեն Թամանյանի շենքից 9 մետր հեռավորության վրա շաուրմայի ծխնելույզ կա, տղերքն արդեն միս են սարքում էլի։ Մենք խոսում ենք մեր արժեքների մասին, ամեն երկրորդ բառը Թամանյան է, բայց ամենակարևոր օբյեկտի նկատմամբ ունենք այս աստիճան անլուրջ վերաբերմունք», - նշեց գլխավոր ճարտարապետը։
Նա նաև հայտարարեց՝ ինչ եղել, եղել է, կարևորը առաջ նայելն է և եղած իրավիճակը շտկելը։