24/01/2019 00:23
Պետական համակարգում Փաշինյանի նկատմամբ իրականացվում է սաբոտաժ. Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը Facebook-ի իր էջում գրել է, որ սաբոտաժն աստիճանաբար դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության թիվ մեկ թշնամին:
«Անգամ եթե աշխատավարձի, լրավճարի և պարգևատրման հանրագումարը ՊԵԿ համակարգում 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա կտրվածքով կազմել է 9 միլիոն ՀՀ դրամ, այսպիսի իրականության պայմաններում դժվար կլինի ընդամենը 30000 ՀՀ դրամ ստացող թոշակառուին բացատրել, որ իր ապրած երկրում կան պաշտոնյաներ, ովքեր մեկ կամ երկու ամսվա ընթացքում ստանում են իր 25 տարվա թոշակի չափ գումար:
Նիկո՛լ, եղբա՛յր ջան, սա, մեղմ ասած, խայտառակություն է:
Այլ տարբերակ չկա քեզ տեղեկացնելու, բայց գնալով համոզվում եմ, որ պետական համակարգում անձամբ քո նկատմամբ իրականացվում է սաբոտաժ:
Հասկանում եմ, որ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի խնդիր ունենք, նրանց պարգևատրման խնդիր ունենք, բայց պարգևավճարների այս շքերթի արձագանքներից պետք է հետևություն անել և շատ արագ:
Բացի այդ, ժամանա՛կ գտիր և ուշադի՛ր վերլուծիր իրավապահ համակարգի աշխատանքներն ու դրանց վերաբերյալ հայտնի գործերով շահագրգիռ անձանց դիրքորոշումներն ու գնահատականները:
Կասկած չունենա՛ս, որ գեներալ Մանվելի, Մարտի 1-ի, Ռոբերտ Քոչարյանի գործերի ընթացիկ ՛՛պռավալների՛՛ և առհասարակ, հասարակական հնչեղություն ունեցող բոլոր գործերի համար վաղը քեզանից են պատասխան պահանջելու, միայն քեզանից: Իսկ այսօրվա քեզ «Չեստ» տվողներից և «Շե՛ֆ, ամեն ինչ լավ է» ասողներից շատերը, ինձանից լավ գիտես, թե որտեղ կլինեն...
Շատ արագ է պետք վերացնել այս սաբոտաժը: Եղբա՛յր, Դու երկար ժամանակ չունես…», - գրել է Ն.Նորկյանը։
Ավելի վաղ Yerevan.Today կայքը հայտնել էր, որ Պետական եկամուտների կոմիտեում խոշոր պարգևատրումներ են իրականացվել։
Մասնավորապես, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ստացել է 8 մլն 55 000 դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 000 դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյանը՝ 6 մլն 456 000 դրամ, ՊԵԿ նախագահի օգնական Էլիզաբեթ Մամիկոնյանը՝ 2 մլն 120 000 դրամ, ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտչյանը՝ 2 մլն 30 000 դրամ և այլն։
Մինչդեռ ՊԵԿ նախագահը հերքել է տարածված տեղեկությունը, նշելով, որ նշված գումարը՝ երկու ամսվա աշխատավարձի, հավելավճարների և պարգևատրումների չափն է: