29/01/2019 19:25
Աճանանում ձկների սատկելը կապել Քաջարանի կոմբինատի հետ՝ առնվազն ոչ պրոֆեսիոնալ է. ջնջված տեսանյութի հետքերով
Հայկական բնապահպանական ճակատն այսօր տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե իբր, Աճանան գետում հայտնաբերվել են բազմաթիվ սատկած ձկներ, ինչը Քաջարանի կոմբինատի թափոնաջրերի հետևանքն է։
Տեսանյութը, որը հրապարակել է ՀԲՃ-ն, արված է մի քանի ամիս առաջ. այն օրերս հրապարակել է Facebook-յան օգտատեր Արսեն Առաքելյանը, որը, սակայն, հետագայում ջնջել է տեսանյութը։
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, ինչո՞ւ է հիմա հրապարակվել տեսանյութը, եթե այն նկարահանվել էր ամիսներ առաջ, և եթե դա իրականություն էր, ապա ինչո՞ւ է հեռացվել. այս հարցերի հետքերով է գնացել Aysor.am-ը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը նշում է՝ ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը իրականացնում է պարտադիր շաբաթական բնապահպանական մոնիթորինգ, որի տվյալները եռամսյակային հաշվետվության տեսքով տրամադրվում են բնապահպանության նախարարությոնը և խոշոր հարկ վճարողների վարչությանը ու մինչ այսօր չեն գրանցվել այնպիսի դեպքեր, որոնք որ կարող էին ազդել ձկների կենսունակության վրա
«2015 թվականից մինչև 2018 թվականի հունվարի վերջ իրականացվել են լայնածավալ կենսաբազմազանության ուսումնասիրություններ, որտեղ ներգրավված է այն հատվածը, որն առկա էր տեսանյութում։ Երբևիցե այդ երեք տարիների ընթացքում մենք չենք հանդիպել նման երևույթի», - ասաց նա։
Հասմիկ Մկրտումյանի խոսքով՝ առհասարակ, ձկների սատկելը ուղղակիորեն կապել մեկ ազդեցություն ունեցող օղակի հետ՝ առնվազն ոչ պրոֆեսիոնալ է, այն դեպքում, երբ քննարկման առարկա հանդիսացող հատվածում առկա են բազմաթիվ այլ ազդեցության օղակներ (լքված հանքեր, արդյունաբերական այլ սուբյեկտներ), այսինքն՝ դա գետի ամենաակտիվ ազդեցություն կրող գոտին է։
«Ինձ համար անհասկանալի է՝ եթե նկարահանումներն արվել են չորս-հինգ ամիս առաջ, ապա ինչու են դրանք նոր հայտնվել համացանցում, նաև, ինչն ամենակարևորն է, բացակայում է պատճառահետևանքային կապը դրանցում պատկերվածի և կոմբինատի թափոնաջրերի միջև», - ասաց նա։
Ինչ վեռաբերում է նյութում արված այն պնդմանը, թե, իբր, թափոնաջրերը գետն են թափվում գիշերային ժամերին, մեր զրուցակիցը նշեց, որ դա նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանզի ընկերությունն աշխատում է շուրջօրյա, հետևաբար, պոչամբարը չի կարող գործել միայն գիշերային ժամերին:
«Հարց կուզեի ուղղել տեսանյութը հրապարկողին և տարածողներին՝ ի՞նչ հիմնավորումներով են նրանք ուղղվածությունը տալիս մեր ընկերությանը, և եթե նրանք անկեղծ գտնվեն, ապա կհամաձայնեն, որ այս ողջ աղմուկը ուղղակի չհիմնավորված ենթադրության կամ երևակայության արդյունք է։ Ցավում եմ, որ մի շարք լրատվականներ հարթակ են հանդիսանում այսօրինակ չստուգված տեղեկությունների համար՝ վնասելով ՀՀ առաջին հարկատու հանդիսացող ընկերության բարի համբավը», - ընդգծեց Հասմիկ Մկրտումյանը։
ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանն էլ է փաստում՝ նկարահանումը տեղի է ունեցել ամիսներ առաջ և նկարահանվել է ոչ թե Արսեն Առաքելյանի, այլ՝ այլ անձի կողմից։
«Տեսանյութը Արսեն Առաքելյանը վերցրել է իր հարևանից, որը նկարահանված է հինգ ամիս առաջ։ Պայմանավորվել ենք, որ վաղը պետք է հանդիպեմ նկարահանող քաղաքացուն ու տեսնենք՝ ինչքանով է տեսանյութը համապատասխանում իրականությանը», -ասաց Լևոն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ նույն օրը, երբ որ հրապարակվել է տեսանյութը, իրենք գնացել են Աճանան գետի տարածք։
«Վերցրել ենք ջրի նմուշ, տեսել ենք, որ աղտոտվածություն չկա», - ասաց ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետը։
Aysor.am-ը կապ հաստատեց նաև տեսանյութը հրապարակած, ապա ջնջած օգտատիրոջ՝ Արսեն Առաքելյանի հետ, որը նույնպես հաստատեց՝ տեսանյութը արվել է մի քանի ամիս առաջ ու արվել է իր հարևանի կողմից։
«Դա եղել է մի քանի ամիս առաջ, իմ հարևանն էր նկարել, մենք մեր մաքուր ջուրն ենք ուզում, գետից հոտ է գալիս, չենք ուզում այդ ջրով ինչ-որ բան անենք», - ասաց նա։
Հարցին՝ որքանով են վստահ, որ ձկների սատկելու պատճառը կոմբինատի թափոնաջրերի հետևանք է, Արսեն Առաքելյանը պատասխնեց. «Ես չեմ կարող վստահ լինել Քաջարանի՞նն է, թե՞ Կապանինը, բայց ենթադրել ենք, որ կարող է այնտեղից լինի, մտածեցինք, որ կարող է այնտեղից լինի», - ասաց Արսեն Առաքելյանը։