29/01/2019 13:33
«Նիկոլ Փաշինյանը հղում է անում Ալիևին. էս ո՞ւր ենք հասել». Շարմազանով
Նիկոլ Փաշինյանն արդեն հղում է անում Ալիևին, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրդ Շարմազանովը։
«Էս ուր ենք հասել», - ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ Դուշանբեի վերելակում Փաշինյանը ընկել է Ալիևի թակարդը։
«Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը տեղյակ էլ չի եղել, որ հանդիպում է լինելու Ալիևի հետ, վերջին րոպեին է իմացել, որովհետև իր կեցվածքը հպարտ չէր», - ասաց նա։
ՀՀԿ խոսնակը նշեց, թե իրենք դեմ չեն խաղաղության, իրենք դեմ են խաղաղություն մուրալուն։
«Մենք պետք է Ադրբեջանից խաղաղություն մուրա՞նք», - նշեց նա։ Շարմազանովն ասաց, որ նպատակը մեկը պետք է լինի՝ պաշտպանել 1991 թվականի դեկտեմբերի հանրաքվեի արդյունքները։