30/01/2019 13:48
Մայր Աթոռ. Ողջունելի է իշխանությունների հանձնառությունը Ազգային Եկեղեցու առջև ծառացած հարցերին լուծումներ գտնելու հարցում
«Ողջունելի է ՀՀ իշխանությունների հանձնառությունը Ազգային Եկեղեցու առջև ծառացած հարցերին լուծումներ գտնելու հարցում հանուն մեր ազգային ու հոգևոր զարթոնքի», - Aysor.am հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ արձագանքելով նախօրեին երկրի վարչապետի որոշմամբ եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցերով ստեղծված աշխատանքային խմբի մասին հարցմանը։
Տեր Վահրամ քահանան նաև հավելեց. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով հունվարի 29-ին ստեղծված աշխատանքային խումբը ձևավորվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ վարչապետի քննարկումների արդյունքում` փոխադարձ համաձայնությամբ։ Վստահ ենք, խմբի աշխատանքը, Աստծո կամոք, կնպաստի Եկեղեցի-պետություն հարաբերությունների առավել արդյունավետ ծառայեցմանը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի շահերին»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու և հաստատել դրա անհատական կազմը հաստատելու մասին։