01/02/2019 14:03
Ֆուտբոլի ֆեդերացիան բյուջեից որևէ ֆինանսավորում չի ստանում, բայց վճարում է հարկեր և լցնում պետբյուջեն. Վանեցյան
Չեմ կարող ասել, որ ԱԱԾ-ն բացահայտել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին չարաշահումները, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:
«Նոր ղեկավարություն է եկել: Ֆեդերացիան մեծ տնտեսություն ունի, այն ստուգվում է, նայվում է՝ ինչն է ավել, ինչն է պակաս: Դա գործընթաց է, որը պետք է արվի նոր ղեկավարության կողմից», - ասաց նա:
Վանեցյանն ընդգծեց, որ ֆեդերացիայում մեծ աշխատանքներ են կատարվում և կլինեն դրական ձեռքբերումներ, շուրջ 700 փոքր դաշտ կկառուցվի, որոնք կհանձնվեն փոքր համայնքներին:
«Կառուցելու ենք մարզադաշտ, որը մեծ գումարների հետ է կապված», - ասաց Վանեցյանն՝ ընդգծելով, որ ֆեդերացիան ՀՀ բյուջեից որևէ ֆինանսավորում չի ստանում, բայց վճարում է հարկեր և լցնում պետբյուջեն: