04/02/2019 16:37
Մենք չենք կարող մեր խորհրդանիշերի հետ անընդհատ էքսպերիմենտներ անել. ազգագրագետ
ՀՀ պետական օրհներգը բռնել է ժամանակի քննությունը, և այն փոխելը ամենաարդիական հարցը չէ, որ այսօր կարող է քննարկման դրվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ, Հայաստանի ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանն՝ անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառմանը, որի համաձայն Սփյուռքի նախարարությունը փորձելու է հավաքագրել օրհներգի փոփոխության վերաբերյալ հայկական համայնքների կարծիքները:
«Կարծում եմ՝ ներկա շրջանում այնքան կարևոր խնդիրներ ունենք, որ օրհներգը փոխելը գերակա և առաջնահերթ հարց չէ։ Ի՞նչ միտք ունի, ի՞նչ է փոխելու, մտածողությո՞ւնը։ Եթե նույնիսկ օրհներգի տեքստում «մահ» բառը մի քանի անգամ կրկնվում է, դա շատ բան չի փոխում։ Պետական օրհներգ փոխելը հիմա մեր ամենաէական խնդիրը չէ. մենք ավելի լուրջ մարտահրավերներ ունենք։ Կարծում եմ՝ բոլորովին անհրաժեշտ չէ հիմա զբաղվել այս հարցով։ Մենք չենք կարող մեր խորհրդանիշերի հետ անընդհատ էքսպերիմենտներ անել»,- ասաց ազգագրագետը։
Սվետլանա Պողոսյանը համոզմունք հայտնեց՝ եթե ՀՀ պետական օրհներգը խորհրդային ժամանակաշրջանում 70 տարի շարունակ մերժվել է, բայց կրկին հանրության կողմից ընդունվել, անմտություն է լրացուցիչ փոփոխության հարց քննարկել։
«Օրհներգի փոփոխության մասին մտածել կարելի է միայն այն ժամանակ, երբ էական բոլոր խնդիրները լուծվել են։ Իմ կարծիքով, մեր օրհներգը բոլորիվին էլ վատը չէ»,- նշեց մեր զրուցակիցը։
Ազգագրագետը միաժամանակ դրական գնահատեց Սփյուռքի նախարարության՝ հարցի շուրջ աշխարհասփյուռ հայության կարծիքը լսելու նախաձեռնությունը։
«Սա, անշուշտ, շատ լավ է։ Մեր բոլոր հայրենակիցներն ազգովի պետք է անդրադառնան այս հարցին, բայց, կրկնում եմ, չգիտեմ՝ սա որքանով առաջնահերթ է։ Ինչ վերաբերում է ՀՀ դրոշին և զինանշանին, չպետք է մոռանանք, որ հազարավոր մարդիկ են հանուն այդ խորհրդանիշների զոհվել»,- ամփոփեց Սվետլանա Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ պետական օրհներգը փոփոխելու առաջարկով օրերս հանդես էր եկել ԱԺ փոխնախագահ Արել Սիմոնյանը։ Նա առաջարկել էր վերադառնալ Խորհրդային Հայաստանի օրհներգին, որը հեղինակել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: Սա բուռն հակազդեցություն է առաջացրել սոցցանցերում և տարատեսակ քննարկումների առիթ դարձել:
«Ես ունեմ միջանկյալ լուծում այս թեմայի վերաբերյալ, որը շուտով ի կատար կածեմ իմ ուժերով, քանզի հավատում եմ, որ իմ հայրենիքը թշվառ և անտեր չէ այլևս, այլ վեհ ու ուժեղ է, և ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա»,- ֆեյսբուքի իր էջում գրել էր Սիմոնյանը: