05/02/2019 16:59
Սփյուռքի նախարարության գոյություն չունենալը ողբերգական երևույթ չէ. Արա Գոչունյան
Հայաստանում Սփյուռքի նախարարության գոյություն չունենալը ողբերգական երևույթ չէ։ Այդ գերատեսչություն կարող է գոյություն ունենալ կամ ոչ, ինչպես որ գոյություն չի ունեցել տարիներ շարունակ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ շեշտելով, որ նախարարության գործունեության դադարեցումն ամենևին չի նշանակում, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները հետընթաց են ապրելու։
Մեր զրուցակցի խոսքով, Սփյուռքի նախարարության կրճատման մասին խոսակցությունների արձագանքները չափազանց արհեստական են։
«Եթե հաշվի առնենք, որ Սփյուռքի նախարարությունը չափազանց բարձր արդյունավետությամբ գործող կառույց չէր և մինչև հիմա չի արել որևէ բան, որը հնարավոր չէր լինի կատարել պետական այլ լծակի կողմից, հետևաբար Հայաստանի Հանրապետության ղեկավարության հայացքները պետք է հարգել, և իշխանություններն ինչ ձևաչափ նախատեսում են սփյուռքի հետ հարաբերվելու, այն էլ պետք է առաջ տարվի։ Եթե սփյուռքն ընթացքում որևէ խնդիր ունենա, այդ ժամանակ էլ կարելի է հարցը բարձրացնել»,- նշեց Արա Գոչունյանը։
Հարցին՝ կիսո՞ւմ է այն տեսակետը, որ Սփյուռքի նախարարության կրճատումից առաջ անհրաժեշտ էր քննարկումներ ծավալել սփյուռքահայ կառույցների հետ՝ հաշվի նստելով դրսի կարծիքների հետ, «Ժամանակ» թերթի խմբագիրը բացասական պատասխան տվեց։
«Նման անհրաժեշտություն ընդհանրապես չկա։ Սփյուռքը ՀՀ քաղաքացիներից բաղկացած չէ։ Իրականության մեջ Սփյուռքի նախարարության գոյությունն այս իմաստով ևս աբսուրդ է, որովհետև ցանկացած պետության ներսում ցանկացած նախարարություն տվյալ երկրի քաղաքացիներին ծառայություն մատուցելու համար է։ Հետևաբար կառավարությունը կարող է որոշել, թե ինչ ձևով հարաբերվի սփյուռքի հետ։ Եղել են շրջաններ, որ Սփյուռքի նախարարությունը գոյություն չի ունեցել, մյուս կողմից՝ նախարարության գոյության տարիներին Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական որևէ փոփոխություն չեն ապրել»,- նշեց Գոչունյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Քյոլնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախարարության փոխարեն սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը։ Նրա խոսքով, հավանաբար, կլինի հատուկ դեսպան, որը կլինի կառավարության ներկայացուցիչը սփյուռքում, և հենց այդ անձը կհամակարգի սփյուռքի հետ բոլոր նախարարությունների աշխատանքը: