05/02/2019 13:42
ԱԻՆ-ը չպետք է կրճատվի, հակառակը՝ պետք է ընդլայնվելու հնարավորություններ ունենա. Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը չպետք է կրճատվի, հակառակը՝ պետք է ընդլայնվելու հնարավորություններ ունենա, որովհետև նրանք, ովքեր խոսում են գերատեսչության կրճատման մասին, նախարարության աշխատանքի վերաբերյալ պատկերացում չունեն, գաղափար չեն կազմում, Aysor.am-ի հետ զրուցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ նախարարությունների կրճատման ֆոնին «ԱԻՆ-ին ձեռք չեն տալիս իր խաթեր»։
Նախարարը նշեց, որ համաձայն չէ նման պնդման հետ. իր անձն այստեղ բոլորովին կապ չունի։
«Ես նախարար չլինեմ, պողոսը կլինի։ ԱԻՆ-ը պետք է առանձին նախարարություն մնա, որովհետև նրա գործառույթներն այնպիսն են, որ աշխարհն այսօր, առավել քան երբևէ, պետք է ավելի շատ մտածի աղետների դեմ պայքարի մասին։ Միայն մեկ տվյալ կասեմ. 2018 թվականին, 2017-ի համեմատ, Հայաստանում արտակարգ իրավիճակների թիվն աճել է 1063-ով։ Սա ավելի լուրջ է, քան շատերը պատկերացնում են», - նշեց Ֆելիքս Ցոլակյանը։
Դիտարկմանը, որ շատերի պնդմամբ ԱԻՆ-ը ժամանակին բավական հաջող գործում էր նաև տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ, Ֆելիքս Ցոլակյանը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞վ իմացավ, որ շատ լավ էր աշխատում»։