06/02/2019 11:22
Ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը ամրապնդում է բանակ-հասարակություն իրական կապը. ծրագիր
Ըստ կառավարության ծրագրի՝ Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն անվտանգության միջավայրի համակողմանի գնահատման հիման վրա արտաքին, ներքին և պաշտպանական քաղաքականության ճկուն գործիքակազմի ձևավորումն է, ինչը հնարավորություն կտա կառավարության քաղաքական առաջնահերթությունները կյանքի կոչելու համար ստեղծել կայուն և կանխատեսելի մթնոլորտ, իսկ արտաքին անվտանգության ապահովման երաշխիքների համար՝ բավարար կարողություններ:
Վերոնշյալ կարողությունների ստեղծման համար արդեն իսկ առկա է իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտ, ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, ինչը թույլ է տալիս ազգային ամբողջ ներուժը համախմբել զինված ուժերի զարգացման ու մարտունակության բարձրացման, սահմանների անձեռնմխելիության ամրապնդման, ներքին անվտանգության ապահովման և արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացման համար։
Հենց այդ մթնոլորտն է ամրապնդում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ամբողջ հայ ազգի ներգրավվածության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումը և բանակ-հասարակություն իրական ու արդյունավետ կապը։
Զուգահեռաբար այդ մթնոլորտն է, որ նպաստավոր պայմաններ է ստեղծում քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, իրավապահ մարմինների նկատմամբ վստահության ձևավորման, քաղաքացի-իրավապահ մարմիններ արդյունավետ համագործակցության համար։
Վերոնշյալ պայմանների առկայությունը նաև հնարավորություն է տալիս ամրապնդելու պետության ինքնիշխանությունը և բարձրացնելու երկրի բարի համբավը՝ միջազգային հարթակներում պետության շահերը պաշտպանելու տեսանկյունից ստեղծելով առավել նպաստավոր պայմաններ:
Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն: Կառավարությունը վճռական է՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրականացնել տնտեսական հեղափոխություն: