08/02/2019 18:38
Չի կարելի մանիպուլյացիաներով պաշտպանություն կառուցել, ով էլ լինի, թեկուզ՝ երկրի նախկին նախագահը. Անդրանիկ Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Մարտի 1-ի գործով նախաքննական մարմինը ոչնչով կաշկանդված չպետք է լիներ, և նախկին նախագահների հարցաքննությունը շատ բնական է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի նախկին ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
«Ովքեր ասելիք ունեն տարբեր կարգավիճակով՝ լինի վկա, թե մեղադրյալ, պարտավոր են Մարտի 1-ի հետ կապված բոլոր հարցերին պատասխանները տան, ու մենք այդ էջը ամբողջությամբ ավարտենք, փակենք, որ դա անընդհատ չդառնա քաղաքական շահարկման առարկա»,- ասաց Քոչարյանը։
Պատգամավորի խոսքով, այս քրեական գործով բոլորն, ովքեր ունեն անհրաժեշտ տեղեկություններ, պետք է հաղորդեն դրանք նախաքննական մարմնին, որպեսզի բանակի թեման այլևս չշահարկվի։
«Բանակը անընդհատ լարվածության մեջ պահել, իհարկե, չի կարելի։ Բանակի հետ կապված եթե ասելիք կա, պետք է հայտնել նախաքննական մարմնին, հանենք բանակն այդ Մարտի 1-ի թեմայից, որպեսզի նրանք անցնեն իրենց մարտական հերթափոխության խնդիրները լուծելուն»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը։
Նա հստակեցրեց՝ Մարտի 1-ի գործը բացահայտել նշանակում է երկար տարիների ընթացքում կոծկած տեղեկությունը վեր հանել, ներկայացնել քննչական խմբին։
Այժմ, ըստ պատգամավորի, իրավիճակ է փոխվել ու կա «քաղաքական պատվեր Մարտի 1-ի գործը բացահայտելու» և այս գործով «պատվերների ինստիտուտ» չի լինելու։
«Ռոբերտ Քոչարյանը տեսաք՝ սկսեց հայտարարել, որ «0038» հրամանի մասին ընդհանրապես տեղյակ չի եղել, հետո տեսան, որ դրանից խուսափելն անհնար է, սկսեցին հայտարարել, որ տեղյակ է եղել, իրեն տվել են հրամանի սևագիրը, որից հետո տեղյակ չի եղել՝ ինչ է կատարվել։ Երբեք չի կարելի մանիպուլյացիաներով պաշտպանություն կառուցել, ով էլ լինի, թեկուզ երկրի նախկին նախագահը։ Եթե արել ես, ապա տղամարդավարի ասա, հատկապես որ նախկինում ասել ես՝ տղամարդ ես, միակ տղամարդն ես»,- ավելացրեց Քոչարյանը։
Փաստահավաք խմբի նախկին ղեկավարը հնարավոր համարեց, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալների թիվը ավելանա։
«Շատ-շատ մարդիկ են մասնակից եղել այս ամբողջ գործընթացին, բայց պետք է նայել, թե հիմնական հրամանները որտեղից են եկել, որոնցով պարտադրել են շատերին։ Եթե ինչ-որ մեկի գործողությունների հետևանքով քաղաքացին ստացել է անշրջելի վնասներ, ապա նրանք անպայման պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Որևէ մեկը չի կարող խուսափել դրանից»,- ասաց պատգամավորը։
Նկատենք, որ օրերս մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են նաև նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը։