08/02/2019 17:35
Հնարավոր չէ՝ Հայաստանի ՊՆ-ի կողմից Սիրիա մարդասիրական օգնությունն ուղարկվի օրենքի խախտմամբ. Անդրանիկ Քոչարյան
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի կարծում, թե Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից Սիրիա մարդասիրական մասնագիտական օժանդակությունը ցուցաբերվում է օրենքի խախտումներով, ինչպես պնդում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ես չեմ կարծում, որ առանց որևէ պայմանագրի հնարավոր է զինված ուժերի օգտագործում։ Եթե այդպիսի խնդիր կա, կարծում եմ, մեր հանձնաժողովը ի վիճակի է և պարտավոր է ուսումնասիրել ու տալ այդ հարցերի պատասխանը։ Այսօր կա հայտարարություն ՊՆ-ի կողմից, թե ինչ առաքելությամբ է խումբը մեկնում Սիրիա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր, փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):
Արձագանքելով այս հայտարարությանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր հերթին հարց էր բարձրացրել՝ «Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը խախտել օրենքը և առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա»։
«Այս պահին մենք հիմք ենք ընդունում պաշտպանության նախարարության կողմից տարածած հայտարարությունները, որտեղ առայժմ, ես իրավական որևէ բարդույթ չեմ տեսնում։ Եթե կլինեն իրավական խնդիրներ, բնականաբար մեր և գուցե նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կուսումնասիրեն դրանց հիմքերը և եթե որևէ խոչընդոտ կա, դրա մասին կբարձրաձայնեն ու կառավարության հետ ճշտումներ կարվեն», - հավելեց Ա.Քոչարյանը։
Միևնույն ժամանակ, պատգամավորն ընդգծեց, որ հնարավոր չէ՝ անօրինականություն լինի. «Այսօրվա Հայաստանի պահանջներն այդպիսին չեն, բայց կան նաև պետական շահեր, որոնք պետք է հաշվի առնել»։