08/02/2019 19:25
Մեղադրում են բժշկական անփութության մեջ, ինչն ինքը թույլ չի տվել. հայ պլաստիկ վիրբույժին Մոսկվայում 6 տարի ազատազրկում է սպասվում
Նոյեմբեր ամսից Մոսկվայի «Բուտիրյան» բանտում է գտնվում հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը, ով մեղադրվում է բժշկական անփութության հետևանքով հիվանդի առողջությանը վնաս հասցնելու մեջ: Aysor.am-ի հետ զրույցում վիրաբույժի կինը՝ Մարիաննա Լվովան, ընդգծեց՝ հիվանդի մոտ առաջացած բարդություններում իր ամուսինը մեղավոր չէ:
«Ամուսինս քթի շտկման հերթական հաջող վիրահատությունն անցկացրեց, բայց նրան այսօր մեղադրում են բժշկական անփութության մեջ, ինչն ինքը թույլ չի տվել: Գործը հիմա նախաքննության ընթացքում է: Սպասում ենք դատաբժշկական փորձաքննությանը, որը կապացուցի ամուսնուս անմեղությունը»,- նշեց Մ. Լվովան:
Կալանավորված Գևորգ Ստեփանյանն, ով մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է առավելագույնը 6 տարի ազատազրկում, չի հանդիսանում ՌԴ քաղաքացի:
Ինչպես կինն է մանրամասնում՝ նա աշխատանքային պայմանագիր ունի, ըստ որի՝ համարվում է հրավիրյալ վիրաբույժ ու բժշկական տարբեր հաստատությունների կողմից պայմանագրով հրավիրվում է տարբեր կլինիկաներ: Հերթական վիրահատությունից հետո հիվանդի՝ Կարոլինա Սարկիսյանի մոտ հետվիրահատական բարդություններ են առաջացել: Պլաստիկ վիրաբույժի մտերիմներն ու ընկերները պնդում են, որ այդ բարդություններում Գ. Ստեփանյանը որևէ մեղք չունի, խնդիրն առաջացել է անեսթեզիոլոգի և հիվանդանոցի տնօրենի անփութության հետևանքով, ովքեր սխալ չափաբաժնով դեղ են ներարկել (ֆենոզեպան): Իհարկե, գործի շրջանակներում նրանց ևս մեղադրանք է առաջադրվել, սակայն որպես խափանման միջոց՝ ընտրվել է տնային կալանքը, քանի որ երկուսն էլ ՌԴ քաղաքացի են:
«Ասեմ, որ Կարոլինա Սարկիսյանը վաղուց տանն է, ավելին՝ հարցազրույցներ է տալիս ու մասնակցում տարբեր հեռուստահաղորդումների: Հիվանդն ինքն էլ չի հիշում, թե ի՞նչ է իր հետ տեղի ունեցել, ի՞նչ են արել բժշկի բացակայության ժամանակ»,- նկատեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գևորգ Ստեփանյանը ՀՀ քաղաքացի է, միջամտության համար դիմե՞լ են Հայաստանի իշխանությանը, Մ. Լվովան պատասխանեց.
«Այո, դիմել ենք: Օրենքի շրջանակներում կփորձեն մեզ օգնել, հատկապես, որ նրա կալանավորումը անօրինական է եղել»:
Հայ բժշկի պաշտպանությունը վստահվել է փաստաբան Նիկոլայ Դյակովին: Դատական նիստը նշանակված է 2019 թվականի փետրվարի 19-ին: