08/02/2019 16:07
Մենք ևս պատրաստվում ենք դատարան ներկայանալ. Արման Բաբաջանյանը սպասում է Անդրանիկ Մանուկյանի հիմնավորումներին
Մենք ևս պատրաստվում ենք համապատասխան ապացույցներով դատարան ներկայանալ, պարզապես սպասում ենք, տեսնելու՝ իմ դեմ հայցադիմումում ինչ հիմնավորումներ է ներկայացրել Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ինչ են իրենք պատրաստվում դատարան ներկայացնել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Մանուկյանի հասցեին արտահայտությունների համար իրեն ներկայացվող խորհրդանշական 7 դրամի, հրապարակային ներողության և հերքման պահանջին։
«Այս ընթացքում շատ քաղաքացիներ զանգահարել են, ցանկություն են հայտնել, որպեսզի մաս կազմեն այս աշխատանքներին։ Եվ զեկուցումներ են բերել, և անգամ դատական գործընթացին մասնակցելու ցանկություն են հայտնել։ Բայց նախ ամեն ինչ պետք է հասկանանք։ Ես, ճիշտն ասած, դատական հայց ներկայացնելու մասին լրատվամիջոցներից եմ իմացել, դատարանից որևէ ծանուցում չեմ ստացել», - նշեց Արման Բաբաջանյանը։
Պատգամավորը միաժամանակ նշեց, որ թեմայի շուրջ հավանաբար մամուլի ասուլիս կհրավիրվի, գործողությունների հաջորդականության մասին ինքն անպայման կիրազեկի։
«Ես ուզում եմ տեսնել՝ Անդրանիկ Մանուկյանն իմ որ հայտարարությունն է վիճարկում, որի հետ համաձայն չէ։ Ես ուզում եմ հայցադիմումը տեսնել», - ասաց Արման Բաբաջանյանը։
Նշենք, որ Անդրանիկ Մանուկյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դատարանից խնդրում են պատգամավոր Արման Բաբաջանյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իր պաշտպանյալից։ Բացի այդ՝ ԱԺ-ում հավատարմագրված բոլոր ԶԼՄ-ների միջոցով հերքել Անդրանիկ Մանուկյանի հասցեին վերջինիս հնչեցրած «կասկածելի կենսագրությամբ» և «արատավոր նշանակում» արտահայտությունները՝ այդ արտահայտությունների համար Բաբաջանյանից բռնագանձելով մեկական դրամ։ Եվս 5 դրամը, ըստ նախկին պաշտոնյայի ներկայացուցչի, դատարանը պետք է բռնագանձի «քրեական անցյալով անձ» արտահայտության համար։
Նշենք նաև, որ նախկին դեսպանի հասցեին վերոնշյալ արտահայտությունները պատգամավորը հունվարի 16-ին արել էր ԱԺ ամբիոնից՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ։