08/02/2019 16:12
Բուհերում չպիտի լինի մեկ կուսակցության հեգեմոնիա՝ լինի ՀՀԿ, Կոմկուս, թե ՔՊ. Դավիթ Պետրոսյան (Տեսանյութ)
«Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի և Յուրի Ավագյանի հետ Aysor.am-ը զրուցել է կրթական ոլորտում առկա խնդիրների, հոգաբարձուների խորհրդի աշխատանքների, նախաձեռնության հետագա անելիքների և արդեն իսկ եղած ձեռքբերումների մասին:
Դավիթ Պետրոսյանը նշում է՝ կրթության հետ կապված որոշ խնդիրներ կան, որոնք կարելի է շատ արագ լուծել և անցնել առաջ: Պետրոսյանն ընդգծում է՝ հոգաբարձուների խորհուրդները պիտի գիտակցեն, որ իրենք համալսարաններում որոշում կայացնող սուբյեկտներ են ու դա ոչ թե նրանց բարի կամքի դրսևորումն է, այլ պարտականությունը:
Նրա խոսքով՝ բուհերը պիտի լինեն ապաքաղաքականացված. «Բուհերում չպիտի լինի մեկ կուսակցության հեգեմոնիա՝ լինի ՀՀԿ, կոմկուս, թե ՔՊ, թե հետագայում գուցե լիբերալ դեմոկրատներ: Պետք է լինեն առողջ մրցակցային հնարավորություններ բոլորի համար»:
Ըստ Պետրոսյանի՝ հեղափոխության ժամանակ կոտրվել է լուրջ վատ սովորություն՝ պատասխանատվություն չվերցնելու սովորությունը.
«Հետհեղափոխական տրամաբանության մեջ խուսափել որոշումներ կայացնել, որոնք բխում են համալսարանի զարգացման տեսանկյունից ոչ թե պրագմատիզմ է, կամ ոչ էմոցիոնալ որոշումներ կայացնելուց հեռու մնալ, այլ հանցագործություն, որովհետև եթե քեզ տալիս են պատասխանատվություն, դու այն վերցնում ես, գիտակցում ես, որ այն մարդն ես, ում հետհեղափոխական երկրում վստահել են կառույց ու քո պարտականությունների մեջ գրված են բաներ, որոնք չես անում, դու խախտում ես քո վերցրած պայմանավորվածությունները», - ասում է Պետրոսյանը:
Խոսելով նախաձեռնության ծրագրերի իրականացման մասին՝ նրանք նշում են, որ արդեն իսկ դիմել են մեկ դրամաշնորհի համար, հետագա ծրագրերի համար էլ, որոնք կամավորական սկզբունքով չեն կարող իրականացվել, կփորձեն հասկանալ՝ ում հետ կարող են համագործակցել ու դիմել դրամաշնորհների: Ըստ Պետրոսյանի՝ հասարակության մեջ դրամաշնորհների մասով կա անվստահություն, մինչդեռ դրանք կարելի է հարթել, երբ դրամաշնորհների ծախսերի մասով կան հաշվետվություններ:
«Խնդիրն առաջանում է այնտեղ, երբ անհասկանալի միջոցներով գումարներ են գալիս ու մարդկանց չի ասվում ինչ են անում: Չեմ ուզում խորանալ թե նախկինում ինչ դրամաշնորհներ են մարդիկ ստացել, բայց մեզ համար այս խնդիրը զարգացումը կասեցնող շատ վատ երևույթ է», - ասում է նա:
Նախաձեռնության անդամները անդրադարձել են նաև «Ռեստարտի» նախկին անդամ Վահան Կոստանյանի հետ ներկայիս եղած հարաբերություններին, որը հեղափոխությունից հետո դուրս եկավ նախաձեռնությունից և զբաղեցրեց պաշտոն:
Մանրամասները՝ տեսանյութում: