11/02/2019 12:34
Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը հանդես կգա պետություն-եկեղեցի հարաբերություններն ամրապնդող նախաձեռնություններով
Այս տարվա հունվարի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ։
Խմբի ղեկավարն է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Անդամները՝ կառավարության ու եկեղեցու ներկայացուիցչներ են։
Խմբի ստեղծման նպատակների ու գործունեության բնույթի վերաբերյալ Aysor.am-ի հարցմանն ի պատասխան կառավարությունից, մասնավորապես, հայտնել են.
«Հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով՝ աշխատանքային խումբը ստեղծվել է Սահմանադրությամբ և օրենքով նշված շրջանակում հարցեր առաջանալու դեպքում օպերատիվ քննարկման համար։ Աշխատանքային խումբն ունենալու է խորհրդատվական և առաջարկություններ ներկայացնելու, ինչպես նաև տարբեր նախաձեռնություններով հանդես գալու լիազորություններ, որոնք միտված կլինեն պետություն-եկեղեցի հարաբերությունների ամրապնդմանը», - ասված է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանում։
Նշենք, որ ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշել էր, որ «աշխատանքային խումբը ձևավորվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ վարչապետի քննարկումների արդյունքում` փոխադարձ համաձայնությամբ»: