
12/02/2019 15:28
Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան բանակցություններում իր նոր մոտեցումը հեղափոխական է համարում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հարցի բանակցություններում իր առաջարկած մոտեցումը հեղափոխական է համարում։
«Եթե որևէ մեկն ասի, որ քիչ առաջ ղարաբաղյան բանակցությունների մասով ասած իմ մոտեցումը հեղափոխական չի այդ տրամաբանության մեջ, ուրեմն ինքը հեղափոխությունը համարում է միայն հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Մենք, կներեք, հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն չենք ուզում անել», - հայտարարեց Փաշինյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր ղարաբաղյան հիմնահարցի բանակցություններից մանրամասներ և ասել, որ ինքն ունի և տեսնում է ձևեր, մեխանիզմներ՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու համար։
«Նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմը ամեն անգամ Արցախի՝ բանակցային գործընթացում ընդգրկվելու առաջարկներին ու թեմաներին արձագանքում է հետևյալ կերպ՝ եթե հայկական կողմը բանակցություներում ներգրավի Արցախին՝ որպես բանակցային կողմ, ադրբեջանական կողմն իր հերթին կներգրավի Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին։ Իրականում այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի։ Խնդիրը հետևյալն է՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը այս ընթացքում միշտ մասնակցել ու այսօր էլ մասնակցում է բանակցային գործընթացին և ըստ էության տեղի չի ունեցել անգամ մի բանակցային խոսակցություն, որին ադրբեջանական համայնքը ներկայացված չլինի։ Ինչպե՞ս։ Այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացի և հետևաբար, Ադրբեջանի նախագահը ընտրված է այդ համայնքի կողմից ու իշխանությունները ունեն մանդատ՝ ներկայացնելու այդ մարդկանց», - ասել էր Փաշինյանը։