12/02/2019 13:44
Թալիշում իրավիճակը հանգիստ է, մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները. գյուղապետ
Թալիշում իրադրությունն ընդհանուր առմամբ հանգիստ է, հատուկենտ կրակոցներ են հնչում։ Այս պահին գյուղում մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը՝ անդրադառնալով համայնքի վերակառուցման, վերաբնակեցման ապագա ծրագրերին։
«Բուռն ընթացքի մեջ են հիմքից կառուցվող 10 նոր առանձնատան շինարարական աշխատանքները։ Երկրորդ ծրագրով էլ 14 անհատական տուն է վերանորոգվում։ Աշխատանքները զուգահեռ են ընթանում։ 5-6 տարբեր շինարարական կազմակերպություն է աշխատում։ Նախատեսվում է, որ կառուցապատման և վերանորոգման աշխատանքները ավարտին կհասցվեն այս տարվա հուլիսին։
Դրանից հետո երևի 3-4 տուն ևս կվերանորոգվի։
Ինձ թվում է, որ եթե ամեն ինչ բարեհաջող լինի, մինչև սեպտեմբերի 1-ը բնակչության տեղափոխությունը կկազմակերպվի։ Այդ ժամանակ ավելի ակնառու կլինի, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն և ինչ հերթականությամբ», - ասաց Թալիշի գյուղապետը:
Նա նշեց, որ 10 նորակառույց առանձնատուն պետք է բաժին հասնի այն գյուղացիներին, որոնց տները գտնվում են առաջնագծից հակառակորդի անմիջական նշանառության տակ։
Վիլեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ ամբողջովին հիմնանորոգվել են Թալիշի դպրոցը, մանկապարտեզը և հանդիսությունների սրահը։ Վերջին երկուսը նաև կահավորվել է, իսկ դպրոցը կկահավորվի մոտ ապագայում։ Մինչ այդ, Ալաշանի դպրոցում թալիշեցի 33 երեխա է սովորում։
Հարցին՝ այս պահին գյուղում քանի՞ ընտանիք է բնակվում, Վիլեն Պետրոսյանը պատասխանեց՝ առայժմ մեկ՝ տարեց ամուսիններն իրենց որդու հետ։
Իսկ ինքն անձամբ պատրաստվո՞ւմ է վերադառնալ, հետաքրրքվեցինք։
«Ես իմ ընտանիքի հետ ապրում եմ Ալաշանում, որտեղ ապրում են նաև մյուս թալիշեցիները։ Գյուղ գնում-գալիս եմ ըստ անհրաժեշտության։ Թալիշեցիներից շատերն ուզում են վերադառնալ իրենց տները։ Բոլորս միասին վերադառնալու ենք գյուղ», - ասաց Վիլեն Պետրոսյանը։