
13/02/2019 12:34
Որևէ բան չանելու դեպքում ներկա իշխանությունները հաճախ ասում են, թե նախկինում էլ է այդպես եղել. Խոսրով Հարությունյան
Կառավարության ներկայացրած ծրագիրը զուրկ է կոնկրետությունից, որը հնարավորություն կտա ոչ միայն գնահատել հեռահար նպատակները, այլ նաև՝ կառավարության գործունեությունը և արդյունքները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Կա այսպիսի ձևակերպում՝ էապես կրճատել աղքատությունը։ Հարց է առաջանում՝ ինչքան։ Գործազրկության վերաբերյալ ևս որևէ ցուցանիշ չկա։ Չենք տեսնում նաև այնպիսի կարևորագույն հարցասդրում, ինչպիսին, օրինակ, հարկեր-ՀՆԱ փոխհարաբերությունը և առաջիկա հնգամյա կտրվածքում ինչ դինամիկա ենք ենթադրում», - ասաց Խոսրով Հարությունյանը։
Նախկին պատգամավորն ասաց, թե նկատում է, որ հաճախ են ներկա իշխանություններն ասում, թե նախկինում էլ է այսպես եղել։
«Դե նախկինի վրա գցում են, երբեմն նույնիսկ չվերլուծելով, իսկապես, այդպես է եղել, թե ոչ։ Որևէ ծրագիր, որի մեջ այդպիսի կարևոր ցուցանիշներ չեն եղել, ես չեմ հիշում։ Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրում ամեն մի ոլորտի վերջում հստակ թվային տվյալ կար», - նկատեց բանախոսը։
Մինչդեռ, ըստ Հարությունյանի, թվային ցուցանիշների առկայությունը կառավարության գործունեությունը դարձնում է ավելի չափելի, գնահատելի, հետևաբար նաև՝ վերահսկելի։
Ոսկե միջինն, ըստ Խ.Հարությունյանի, այն կլիներ, եթե ծրագիրն իր մեջ պարունակեր քաղաքական փաստաթուղթ, ընդգրկեր ռազմավարական նշանակություն ունեցող նպատակները։