13/02/2019 15:45
Չեմ ուզում մեկնաբանել Մարուքյանի ասածը, որ իր համար լավ ավանդույթ էր Հովիկ Աբրահամյան վարչապետի աշխատելաոճը. Ալեն Սիմոնյան
Չեմ ուզում մեկնաբանել Էդմոն Մարուքյանի տեսակետը, թե կառավարության ծրագիրը նախապես խորհրդարանական ուժերի հետ չքննարկելն արհամարհանք է իրենց նկատմամբ, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ դահլիճում, քննարկում չէ՞: Սա է քննարկումը: Ինչո՞ւ պետք է կառավարությունը նախապես քննարկի, թող կառավարության մաս դառնան, ներսում քննարկեն», - ասաց նա՝ հավելելով. «Չեմ ուզում մեկնաբանել Էդմոն Մարուքյանի ասածը, որ իր համար լավ ավանդույթ էր Հովիկ Աբրահամյան վարչապետի աշխատելաոճը»:
ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ ժամանակին Հանրապետականը ստիպված է եղել քննարկել ծրագիրը, որովհետև ընդդիմությունն ավելի ծանրակշիռ է եղել, իսկ իշխանությունը, զգալով իր հանդեպ վսհատության պակասը, ուզեցել է շոյել ընդդիմությանը:
«Հովիկ Աբրահամյանը կամ ՀՀԿ-ն ստիպված են եղել: Հաշվի առնելով իրենց վիճակը, վստահության պակասը, ընդդիմության այն ժամանակվա ծանրակշիռ լինելը, ներկայացվածությունը՝ միգուցե ճիշտ են գտել ինչ-որ ձևով մարդկանց ինքնասիրությունը շոյել, տենց են արել, բայց մենք շարժվում ենք օրենքով», - եզրափակեց նա:
Երեկ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ առանց նախապես խմբակցությունների հետ քննարկում ունենալու՝ ԱԺ բերել կառավարության ծրագիրը, անհարգալից վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ: