13/02/2019 10:10
Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանն առերես հարցաքննվել են երկաթգծի հափշտակության գործով
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առերես հարցաքննությունը տեղի է ունեցել Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:
Սույն քրեական գործը հարոյցվել է «ՍիվիլՆեթ»-ի հրապարակման հիման վրա, որի վրաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն տարածել էր մամուլի հաղորդագրություն: Նախնական տվյալներով` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի հիման վրա՝ 01.06.2008թ. հանձնման-ընդունման ակտերի համաձայն՝ Երևան-Բաքու երկաթգծի Մեղրի-Կապան հատվածը՝ շուրջ 40 կմ. երկարությամբ, հանձնվել է ընկերությանը՝ 126.590.817 դրամ մնացորդային արժեքով, սակայն 2010-2011 թվականների ընթացքում երկաթգծի նշված հատվածն ամբողջությամբ ապամոնտաժվել և հափշտակվել է:
Պատճառված հնարավոր նյութական վնասի առկայությունն ու դրա չափը, ինչպես նաև քրեական գործով նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` նշված քրեական գործը 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել է ՀՔԾ, որտեղ էլ շարունակվում է նախաքննությունը:
Երրորդ նախագահի եւ նախկին նախարարի միջեւ առերես հարցաքննությունն առավել կրել է ձեւական բնույթ, քանի որ երկու բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցուցմունքներում հակասություն որպես այդպիսիք չի եղել: Քննությանը մոտ կանգնած աղբյուրի կարծիքով` այն առավելապես կրել է քարոզչական բնույթ` նպատակ ունենալով մտայնություն ձեւավորել, թե, իբր, Սեյրան Օհանյանը երրորդ նախագահի դեմ ցուցմունք է տվել: Ի դեպ, մարտի 1-ի քրեական գործով եւս` այսպես կոչված արտահոսքերի միջոցով փորձ արվեց ներկայացնել, թե Սեյրան Օհանյանի տված ցուցմունքներն են օգնել նախաքննական մարմնին` մեղադրանքներ առաջադրելու համար, ինչից հետ վերջինս մի քանի անգամ հանդես եկավ հայտարարությամբ` փարատելու շրջանառության մեջ դրվող կասկածները: